Գլխավոր էջ Գլխավոր «Ավելորդ գլխացավանքից խուսափելու նպատակով շատերը ստիպված պատվաստվում են»․ ԵՊՀ դասախոս

«Ավելորդ գլխացավանքից խուսափելու նպատակով շատերը ստիպված պատվաստվում են»․ ԵՊՀ դասախոս

1359
0

Ինչպես գիտենք, առողջապահության նախարարության նոր որոշման համաձայն, հունվարի 22-ից հանրային վայրեր մուտք գործելու հետ կապված գործելու է նոր սահմանափակում։ Հանրային սննդի օբյեկտների, թատրոնների, թանգարանների և մի շարք այլ վայրերի մուտքը կապահովվի միայն այն քաղաքացիների համար, ովքեր կներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը կամ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ։

Օրեր առաջ ԵՊՀ դասախոս Աննա Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ հարցին՝ թե ինչու՞ պիտի մեզ թույլ չտան, որ մենք մեր կյանքն ու առողջության հարցերը կառավարենք։ «Հայե՜ր, սրան էլ ե՞ք լուռ ու խոնարհ ենթարկվելու։ Ալարելու եք պայքարել ու մտածելու եք, որ ավելի լավ ա սրսկեն մի անհայտ բան, քան էդքան «տուգանեն» ու «զզվացնեն»։ Հնարավոր ա, որ պատվաստվել չցանկացողները սխալ լինեն, բայց հենց իրենք պիտի որոշեն, թե ինչպես վարվել իրենց իսկ կյանքի հետ։ Մինչ ե՞րբ եք պատրաստվում սրանց խամաճիկը լինել

Հ.գ. Ովքեր իսկապես կարծում են, որ պատվաստվելը ճիշտ է, ապա էլի ճիշտ են, որովհետև իրենք են եկել այդ որոշման։ Իրենք թող պատվաստվեն ու միգուցե լինեն պաշտպանված։ Բայց եկեք ՄԱՐԴ արարածին Մտքով ու Արարքներով Ազատ Մարդ լինելուց չզրկենք»,- նշված է գրառման մեջ։

MedMedia.am -ը կապ հաստատեց Աննա Ամիրյանի հետ՝ պարզելու, թե նման դիրքորոշումն ինչո՞վ է պայմանավորված։ Ասաց, որ մարդուն անուղղակիորեն արգելում են իր իսկ երկրում ազատ անցուդարձ անել, անիմաստ է դառնում նաև աշխատելը, քանի որ մարդիկ երբեմն իրենց աշխատած գումարից ավելին պարտավորվում են վճարել թեստերի համար։ «Դիրքորոշումս բացասական է հանրային վայրերում մինչև 72 ժամվա թեստ պահանջելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա նախ ֆինանսապես անհնար է քաղաքացիների զգալի մեծամասնության համար՝ հաշվի առնելով ՀՀում միջին և նվազագույն աշխատավարձի չափը: Բացի այդ, շատ քաղաքացիներ էլ հենց ժամանցի վայրերում են աշխատում ու երեք օրը մեկ թեստի համար վճարելու պարտադիր պայմանն իրենց աշխատելը բոլորովին անիմաստ է դարձնում։ Այսպիսով, «ավելորդ գլխացավանքից» խուսափելու նպատակով, շատերը ստիպված պատվաստվում են։ Խոսքս, իհարկե, այն մարդկանց է վերաբերում, ովքեր ցանկություն չունեն պատվաստվել ու դա սխալ են համարում։ Ես երբեք իմ անձնական կարծիքը չեմ փորձել որևէ մեկին պարտադրել և դրական եմ վերաբերվում այն մարդկանց ովքեր գիտակցաբար և իրենց ցանկությամբ են պատվաստվում» ,- ընդգծեց Աննա Ամիրյանը։

Նրա պնդմամբ՝ յուրաքանչյուր գիտակից անձ պետք է վարվի իր կյանքի ու առողջության հետ այնպես, ինչպես ճիշտ է համարում։ Ամիրյանն ընդգծեց, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ մի արտառոց բան չի պատրաստվում անել, բացի իր ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելուց։ Նշեց նաև, որ հետաքրքիր է, թե այդ մասսայական վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվելու։

Ինչ վերաբերում է աշխատող անձանց համար երկընտրանք-պարտադրանքի սկզբունքով հայտնի որոշմանը, ըստ որի՝ աշխատող քաղաքացին պետք է կա՛մ 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության արդյունքը, կա՛մ պատվաստման հավատագիրը գործատուին ներկայացնի, այս մասով Աննա Ամիրյանի դիրքորոշումը հստակ է ՝  երկու տարբերակին էլ բացասաբար է վերաբերվում։ Սակայն երրորդ տարբերակ չունենալու պարագայում նախընտրում է ՊՇՌ թեստ հանձնելը։ «Առհասարակ, ես այն կարծիքին եմ, որ ավելի ճիշտ է Covid-19 հաղթահարած մարդկանցից ոչ թե ՊՇՌ, այլ հակամարմինների թեստ պահանջել։ Այս պարագայում այդքան հաճախակի թեստ հանձնելու կարիք չի լինի, և հետևաբար էլ աշխատող մարդիկ շատ ավելի պակաս գումար ստիպված կլինեն վճարել։ Ես օրինապաշտ քաղաքացի եմ, ով դեմ է ցանկացած ապօրինության։ Սակայն ժողովրդավար համարվող երկրում ազատ քաղաքացուն նման սահմանափակումների մեջ դնելը, մեղմ ասած, անընդունելի պիտի լինի հենց այդ քաղաքացու կողմից»։

 Ամիրյանից հետաքրքրվեցինք, թե ինչու՞ է կարծում, որ մարդիկ ԱՆ-ի «խամաճիկն» են դարձել, և այդ դեպքում ի՞նչ պետք է անի ՀՀ քաղաքացին, արդյո՞ք այս կամ այն կերպ ընդվզումն արդյունավետ կլինի։ Նա նշեց, որ եթե մարդիկ կուրորեն հետևում են որևիցե տեղից եկած հրահանգների՝ վախենալով և անտեսելով իրենց իսկ կյանքին վերաբերող խնդիրներն ու տեսակետները, ապա, տեղին է ասել, որ նրանք «խամաճիկի» դեր ունեն․

« Covid-19- ի Հայաստան մուտք գործելուց ի վեր շատ որոշումներ են կայացվել ԱՆ-ի կողմից, որոնցից մի մասն արդյունավետ է եղել, մյուս մասը՝ հակառակը։ Եթե ամեն մարդ հաշվի չառնի իր օրգանիզմի առանձնահատկություններն ու ամեն բան անի այնպես, ինչպես որոշում է ԱՆ-ն, ապա չի կարող խուսափել խնդիրներից։ Սակայն ամենամեծ սխալն, ըստ իս, քաղաքացիների համար պարտադիր պատվաստման պայմաններ ստեղծելն է։ Շատ են դեպքերը, երբ պատվաստված մարդիկ Covid-ով ծանր հիվանդանում են, անգամ մահանում։ Այսինքն պատվաստումը դեռ անվտանգության երաշխիք չէ»,- նշեց դասախոս Աննա Ամիրյանը։ Հավելեց, որ պետք է ամեն մարդ ինքը որոշի՝ արդյո՞ք իրեն պետք է պատվաստվել, թե՞ ոչ, որպեսզի հետագայում հենց ինքը պատասխանատվություն կրի իր իսկ առողջական վիճակի համար։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ