Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ է COVID-19-ից հետո կորում կամ փոխվում ուտելիքի համը

Ինչո՞ւ է COVID-19-ից հետո կորում կամ փոխվում ուտելիքի համը

601
0

COVID-19-ից հետո ոմանք կորցնում են ոչ միայն հոտառությունը, այլեւ համային զգացողությունները։ Նոր հետազոտությունում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Գերմանիայի գիտնականները տեղեկացնում են, որ այդ խնդրին բախվում են անհամեմատ ավելի մեծ թվով մարդիկ, քան ընդունված է կարծել։ Խնդրի հնարավոր պատճառը համի ռեցեպտորների ախտահարումն է։

 

Ինչպես նշում է Medportal.ru-ն, համի կորուստն ու փոփոխությունները կորոնավիրուսային վարակ ունեցող պացիենտների մոտ բավական հազվադեպ են գնահատվել, քանի որ շատ մասնագետներ խնդիրը կապում էին հոտառության խախտման հետ, որը զգալի դեր է խաղում համի զգացողության համար։

 

Պարզելու համար, թե իսկապես համի զգացողության խախտումներով պացիենտները կորցրել են քաղցրը, թթուն, դառնությունը եւ աղը զգալու բազային կարողությունը, գիտնականները կատարել են հետազոտություն 105 պացիենտի ընդգրկմամբ։ Յուրաքանչյուր մասնակցի մոտ այդ ախտանշանները պահպանվել են վարակվելուց հետո ավելի քան 3 ամիս։ Բոլոր պացիենտները թեստավորվել են հոտն ու համը պարզելու նպատակով, այդ թվում՝ Sniffin’ Sticks-ով եւ Taste Strips-ով՝ համերի բազային ընկալումները պարզելու նպատակով։

 

Կամավորների կեսի մոտ (58 տոկոս) համի փոփոխություններն իսկապես կապված են եղել հոտառության խախտման հետ։ Բայց մասնակիցների 42 տոկոսի մոտ գիտնականները հայտնաբերել են հիպոգեւզիա՝ հիմնական համային զգացողությունների կորուստ։ Որոշ դեպքերում այդ խախտումը կարող է կապված լինել նաեւ բնական ծերացման հետ, քանի որ տարիքի հետ համի ռեցեպտորները աստիճանաբար կորցնում են բազային համերը տարբերելու ունակությունը։

 

Տվյալների ճշտումից հետո՝ հաշվի առնելով, որ որոշ մասնակիցներ տարեց են, պարզվել է, որ պացիենտների 29 տոկոսի մոտ հիպոգեւզիան ուղղակիորեն կապված էր COVID-19-ի հետ։ Այդ երեւույթի մեխանիզմը առայժմ մինչեւ վերջ պարզված չէ, բայց գիտնականները կարծում են, որ վիրուսը կարող է ախտահարել համի ռեցեպտորները եւ նվազեցնել թքարտադրությունը. ինչպես հայտնի է, որոշ պացիենտներ վարակի հաղթահարումից հետո դժգոհում են բերանի մշտական չորությունից։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ