Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում COVID-19-ի դեմ 9 միլիարդ պատվաստում է իրականացվել. Bloomberg

Աշխարհում COVID-19-ի դեմ 9 միլիարդ պատվաստում է իրականացվել. Bloomberg

407
0

Մինչ օրս 184 երկրներում COVID-19-ի դեմ արդեն ավելի քան 8.95 միլիարդ պատվաստում է իրականացվել։ Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg-ը՝ սեփական հաշվարկներին հղումով, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

 

«Մարդկության պատմության մեջ պատվաստումների ամենամեծ արշավը շարունակվում է՝ ընդհանուր առմամբ ներարկվել է ավելի քան 8.95 միլիարդ չափաբաժին: Ստացվում է 116 դեղաչափ յուրաքանչյուր 100 մարդու համար։ Պատվաստումների միջին մակարդակն այժմ կազմում է օրական 43.4 միլիոն չափաբաժին։ Եթե ​​այս մակարդակը պահպանվի, ապա եւս հինգ ամսում մոլորակի բնակիչների 75 տոկոսը կստանա պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին», — նշել է գործակալությունը։

 

Այն ընդգծել է, որ, մասնագետների կարծիքով, կյանքի բնականոն հունին վերադառնալու համար անհրաժեշտ է պատվաստել բնակչության մոտ 75 տոկոսին։ Արդեն 38 երկրների բնակիչության 75 տոկոսը պատվաստված է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինով։

 

Ինչպես նշել է Bloomberg-ը, տարբեր տարածաշրջաններում պատվաստումների գործընթացը դեռեւս անհավասար է։ «Բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումները 10 անգամ ավելի արագ են իրականացվում, քան ցածր եկամուտ ունեցող երկրներում»,- գրել է գործակալությունը։

 

Bloomberg-ի գնահատումներով՝ Չինաստանում կատարվել է 2.7 միլիարդ պատվաստում. բնակիչների 88.6 տոկոսը ստացել է առնվազն մեկ դեղաչափ, 85.2 տոկոսն ավարտել է գործընթացը։ ԱՄՆ-ում ամբողջովին պատվաստվել է 61.7 տոկոսը, Ֆրանսիայում՝ 79.6, Գերմանիայում՝ 70.9, Մեծ Բրիտանիայում՝ 70.7 տոկոսը։ Միեւնույն ժամանակ, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում` 0.1 տոկոսը, Չադում` 0.5, Հայիթիում` 0.6, Եմենում` 1.2 տոկոսը: Ռուսաստանում կատարվել է 143.69 մլն պատվաստում, ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 44.4 տոկոսը։

 

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակվել է 279.55 միլիոն մարդ, մահացել՝ 5.4 միլիոնը։ Այս ցուցանիշներով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ համապատասխանաբար 52 մլն եւ 816.5 հազար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ