Գլխավոր էջ Գլխավոր Արցախցի 9 ամսական փոքրիկին հաշմանդամության կարգ չեն տրամադրում

Արցախցի 9 ամսական փոքրիկին հաշմանդամության կարգ չեն տրամադրում

958
0

ՀՀ-ում Արցախից եկած երեխային բժշկասոցիալական փորձաքննության չեն ենթարկել։ Այս մասին Medmedia.am-ի զրույցում ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Վերափորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաբայանը։

Նախ նշենք, որ ԱՀ և ՀՀ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմինները դեռևս  2009 թ-ից համագործակցել են: Համագործակցությունը  եղել է ինչպես վերապատրաստումների, խորհրդատվությունների, փորձի փոխանակման շրջանակներում, այնպես էլ, ըստ անհրաժեշտության ՀՀ իրավասու մարմնի վերափորձաքննության բաժնի մասնագետների  կողմից իրականացվել են հսկողական և բողոքարկման կարգով վերափորձաքննություններ:

«Դեռևս 2013 թվականի հուլիսի 19-ին ք. Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Այնուհետև, հետպատերազմյան շրջանում, ձգտելով ընդլայնել երկու նախարարությունների միջև բազմակողմանի համագործակցությունը, ամրապնդել ու զարգացնել մինչ այդ ձեռք բերված փոխշահավետ կապերը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունները 2021 թվականի ապրիլի 17-ին  ստորագրել են համագործակցության հուշագիր»,-նշել է Անի Բաբայանը:

Արցախի Հանրապետությունը դեռևս 2020թ.  հունիս ամսից չուներ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, իսկ հետպատերազմյան շրջանում Արցախի քաղաքացիները բժշկասոցիալական փորձաքննության էին ենթարկվում Հայաստանում` քաղաք Գորիսում, ՀՀ Սյունիքի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի կողմից: 2021թ. ապրիլի 1-ին Արցախում ձևավորվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով և Արցախի քաղաքացիները հնարավորություն են ունենում Արցախում անցել փորձաքննությունը: Եվ այսպես, 9 ամսական երեխային Արցախում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելուց հետո հաշմանդամության կարգ չեն տրամադրում։ Ծնողները որոշումը բողոքարկում են, գալիս են Երևան, բայց անակնկալ ձևով արդեն իսկ ձևավորված համագործակցության շրջանակում՝ երեխան պատշաճ ուշադրության չի արժանանում, նա մերժում է ստանում և բժշկասոցիալական փորձաքննության չի ենթարկվում․

«Երկու նախարարությունների միջև ձեռք  բերված պայմանավորվածության հիման վրա, հիմք ընդունելով նաև հուշագիրը, Արցախի քաղաքացիների բողոքարկման և հսկողական կարգով վերափորձաքննությունները սույն թվականի մայիս ամսից  իրականացվում է Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցների վարչության վերափորձաքննության բաժնի մասնագետների կողմից: Վերափորձաքննության բաժնի մասնագետները այդ գործընթացն արել են  սիրով, անշահախնդիր  և  մեծ պատասխանատվությամբ` գործելով բացառապես օրենսդրության, իրավական ակտերի շրջանակներում, ստանալով նաև այդ գործառույթը իրականացնելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կամ փոխնախարարի գրավոր հանձնարարությունը: Եվ ահա, 2021թ.-ի մայիս ամսից մինչ սեպտեմբեր ամիսը այդ գործընթացը տեղի է ունենում, հաջորդը նախատեսված էր 2021թ. հոկտեմբերի  27-ին և Արցախից իր մայրիկի հետ  Երևան էր ժամանել 9 ամսական մանկիկը, այդ ժամանակ վերափորձաքննության բաժնի մասնագետներին թույլ չեն տալիս դա իրականացնել, ասելով, որ այդ գործընթացը ոչ իրավաչափ է: Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2021թ. մայիս ամսից մինչ տվյալ օրը` հոկտեմբերի 27-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը և ոլորտը համակարգող փոխնախարարը եղել են նույն անձինք` Նարեկ Մկրտչյանը և Տաթևիկ Ստեփանյանը»,-նշեց մեր զրուցակիցը և հավելեց, թե ուշ հասկանալով, թե ինչ են արել, փորձում են  նաև խոսել Արցախի գործընկերների հետ, որ քաղաքացին բողոքարկման դիմումը հետ վերցնի` մոռանալով կամ չիմանալով, որ երեխաների իրավունքները պաշտպանված են ինչպես ՀՀ օրենսդրությամբ, այնպես էլ, օր.` ՄԱԿ-ի կոնվենցիայով`  անկախ ծնողների դիրքորոշումից, և անհրաժեշտ էր առնվազն դա նախապես կազմակերպել, որ երեխան` 9 ամսական մանկիկը չգա Երևան, իսկ եթե եկել էր և ներկայացել Արմենակյան 129 հասցե`   բժշկասոցիալական փորձաքննության վարչություն, ապա պետք էր գործընթացը ավարտել և քաղաքացին ստանար գրավոր պատասխան:

«Եվ այո, անկախ ծնողների հնարավոր փոփոխվող դիրքորոշումից, կամ Հայաստանի կամ Արցախի պաշտոնատար անձանց կրկին հնարավոր փոփոխվող դիրքորոշումից, անհրաժեշտ էր պաշտպանել երեխայի իրավունքները»,-նշեց նա:

Վերափորձաքննության բաժնի  աշխատակիցը այդ խնդրով  դիմում է նախարարին և փոխնախարարին, հայտնելով տվյալ խնդրի, երեխայի իրավունքների խախտման մասին:

«Եվ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որ պատասխանատու է աշխատողների իրավունքների պաշտպանության քաղաքականության և ռազմավարության  հարցում, խնդրին լուծում տալու փոխարեն, հակառակ գործողությունն իրականացրեց տվյալ աշխատակցի նկատմամբ`  խախտելով մարդու իրավունքները: Այս պատմության մեջ հարցեր կան, որոնց պատասխանը կարող է տալ միայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

․ Ինչպե՞ս  հասկանալ, որ սույն թվականի մայիս ամսից մինչ սեպտեմբեր ամիսը, նույն նախարարի` Նարեկ Մկրտչյանի ղեկավարության օրոք և ոլորտը համակարգող նույն  փոխնախարարի` Տաթևիկ Ստեփանյանի ղեկավարության օրոք, այդ գործընթացը կատարվել է, համարվել է իրավաչափ,  իսկ հոկտեմբերի 27-ին, նույն իրավիճակում՝ համարվեց ոչ իրավաչափ:

․ Ինչու՞ է իրական աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբերվում  ֆեյսբուքյան նախարարությունից, որտեղ նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարում է, որ պետք է ամեն ինչ անեն ՀՀ բոլոր աշխատակիցների իրավունքների պաշտպանության համար, այնինչ, երբ դիմում են իրեն, լրիվ հակառակ դրսևորում է ունենում:

․ Ինչու՞ է իրական աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբերվում  ֆեյսբուքյան նախարարությունից, որտեղ փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը  խոսում է երեխաների իրավունքների պաշտպանությունից, այնինչ լինելով ոլորտը համակարգող փոխնախարար, որևէ քայլ չձեռնարկեց հոկտեմբերի 27-ի վերափորձաքննության իրականացման խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, իմանալով, որ Արցախից արդեն իր մայրիկի հետ Երևան էր ժամանել երեխան` ինն ամսական մանկիկը:

․ Ինչու՞ է իրական աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբերվում  ֆեյսբուքյան նախարարությունից, որտեղ նախարար Նարեկ Մկրտչյանն  ու փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը հաճախակի հանդիպումներ են լուսաբանում ՄԱԿ-ի գրասենյակի տարբեր խմբերի հետ, սակայն իրենց ոչ պատշաճ  գործողությունների կամ անգործության հետևանքով խախտվում են ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված աշխատողի իրավունքները և երեխայի իրավունքները:

Ս․Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ