Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը

Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին երկու դեպքերը

231
0

Հարավային Աֆրիկայից ՌԴ ժամանած ՊՇՌ թեստի դրական արդյունքով երկու հիվանդի մոտ հաստատվել է COVID-19-ի «օմիկրոն» շտամը, հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունից։

 

«Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի կողմից իրականացված գենոմային սեկվենսավորման արդյունքում մեկուսարաններում գտնվելու առաջին օրը ստացված դրական ՊՇՌ թեստով երկու հիվանդի մոտ հաստատվել է օմիկրոնի շտամը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ռուսաստանի բնակչությանը կորոնավիրուսային վարակի նոր տարբերակից պաշտպանելու համար, հայտնում է մամուլի ծառայությունը։

 

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն  ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող:

 

Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։

 

ԱՀԿ-ն նաև հայտնել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը:

Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել ավելի շատ մարդկանց, ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել կորոնավիրուսի նոր շտամի ուսումնասիրությանը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ