Գլխավոր էջ Նորություններ Ինչի՞ կհանգեցնի հակապատվաստումային քարոզն ու ինչ նպատակ ունի այն

Ինչի՞ կհանգեցնի հակապատվաստումային քարոզն ու ինչ նպատակ ունի այն

395
0

Աշխարհում և մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում կիրառվող պատվաստումների ֆոնին զուգահեռ ընթանում է նաև հակապատվաստումային արշավ: Այս արշավներին կամա թե ակամա կարող են միանալ տարբեր բնագավառներում աշխատող և տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, սակայն երբ նրանց շարքերը համալրում են բժշկի մասնագիտությունն ընտրած անձինք, որոնց առաքելությունը մարդկային կյանքեր փրկելն է, բոլորովին զարմանալի է:

 

Չպատվաստվել խորհուրդ տված բժշկի հանդիպածներից է նաև մայրացած Գոհար Աբրահամյանը, ում բժիշկն ասել է՝ սպասիր, դեռ փորձարկումներ են անում: Եվ այս ամենը չնայած նրան, որ աշխարհում արդեն պատվաստվել է 27 միլիոնից ավելի մարդ:

 

«Հայկական Ժամանակի» հետ զրույցում Գոհարը պատմում է՝ մինչ պատվաստվելը՝ այդ հարցը քննարկել է մասնագետների հետ:

 

«Մի մասն ասում էր՝ այո, իհարկե, պետք է պատվաստվել վարակի դեմ, մյուս մասն ասում էր՝ սպասեք, փորձեր են անում: Մասնագետներից ոմանք նաև ֆեյսբուքյան էջերի միջոցով էին պատվաստանյութերի վերաբերյալ բացասական գրառումներ անում, մեմեր տարածում, բայց երբ բժիշկն է այդ մեմերը տարածում, վստահությունդ կորցնում ես և՛ պատվաստվելու նկատմամբ, և՛ բժշկի: Բժիշկը չպետք է ծաղրի դա»,- ասում է Գոհարը:

 

Գոհարի խոսքով՝ հույսը դրել է միայն առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տեղեկատվության վրա և հոկտեմբերի 27-ին ստացել քովիդի դեմ պատվաստման առաջին դեղաչափը: Բժիշկը, որը չպատվաստվելու խորհուրդ էր տվել Գոհարին, երբ իմացել է, ասել է՝ դե, լավ եղիր:

 

Սակայն հիմա էլ նա խորհուրդներ է լսում, թե պետք չէ ստանալ երկրորդ դեղաչափը:

 

«Երբ որ գնացի պատվաստվելու, պոլիկլինիկայում ոչ մեկը խորհուրդ չէր տալիս պատվաստվել, մնացել էի ես ու ինձ հասանելի գրականությունը: Մտածեցի, որ  պատվաստանյութի միջոցով բալիկիս հակամարմին տամ: Հիվանդությունը կա ու կյանք է խլում, և դա փաստ է: Չեմ հասկանում այն մարդկանց, որ հիմա էլ ասում են՝ երկրորդը չընդունեմ: Մի կողմից, հասկանալի է, պատվաստանյութերն ու հիվանդությունը դեռ լիովին բացահայտված չեն, բայց եթե աշխարհի գրեթե բոլոր բժիշկներն ասում են՝ քովիդի դեմ պատվաստումն անվտանգ է և արդյունավետ, ապա ինչո՞ւ չպատվաստվել»,- նկատում է զրուցակիցը:

 

Գոհարի կարծիքով՝ նման բժիշկները պետք է ավելի մասնագիտանան, պատվաստվել ցանկացող մարդիկ էլ պետք է պատվաստանյութերի և վարակի մասին առկա տեղեկատվությունն ավելի սերտեն, քանի որ դրանց պակասը չկա:

 

Ո՞րն է հակապատվաստումային քարոզ անող բժիշկների նպատակը

 

Ալերգոլոգ-իմունոլոգ, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Սևան Իրիցյանի խոսքով՝ դա դժվար է ասել, իսկ այդ բժիշկներն իրենց չեն համարում հակապատվաստումային շարժման ներկայացուցիչ:

 

«Երբ այդ բժիշկների հետ քննարկումներ են լինում, հիմնական խնդիրը հետևյալն է, որ ինչ-որ մեկն ինֆորմացիայի պակաս ունի: Հայաստանում բժշկագիտության մակարդակն ավելի բարձր չէ, որ տատանվեն ու գիտական մանրամասն հետազոտություններ ուսումնասիրեն և դրա հիման վրա ասեն իրենց կարծիքը: Նման բժիշկները ոչ մի ծանրակշիռ փաստ չեն բերում»,- մեզ հետ զրույցում ասում է մասնագետը:

 

Ըստ Իրիցյանի՝ պատճառները, որոնք առաջ են քաշում պատվաստումներին դեմ բժիշկները, չունեն բավարար տեղեկատվություն դրանց վերաբերյալ, ինչը բժիշկների մասնագիտական թերացումն է:

 

«Ասում են՝ տեղեկատվություն չկա, բայց եթե լավ մասնագետ ես և քո գործի տերը լինես, կարող ես փնտրել և գտնել պատվաստանյութերի մասին բավարար տեղեկատվություն, որն արդեն հասանելի է ամբողջ աշխարհի համար: Եթե դու իքս մասնագետ ես, դու պիտի քո մասնագիտության մասին տեղեկացված լինես, լավ բժիշկ լինես, նյութեր ուսումնասիրես»,- ասում է նա:

 

Իր պրակտիկայից բժիշկը մի դեպք է առանձնացնում, երբ իրենից խորհուրդ են հարցրել, թե ունեն ալերգիա ինչ-որ բանի նկատմամբ, հնարավո՞ր է պատվաստվել: Բժիշկը բացատրել է, որ դա որևէ հակացուցում չէ, սակայն հիվանդը, հասնելով պոլիկլինիկա, առանց պատվաստվելու հետ է վերադարձել. «Եկավ, ասաց՝ տեղամասային բժիշկս ասաց՝ ինչո՞ւ ես եկել այդ ալերգիայով պատվաստվելու: Սա խոսում է այդ բժշկի՝ իր մասնագիտությանը լավ չտիրապետելու մասին»:

 

Իրիցյանի խոսքով՝ հակապատվաստումային շարժման ներկայացուցիչների՝ չպատվաստվելու մասին խորհուրդները մեր երկրում վերջին շաբաթների ընթացքում զգալի ազդեցություն ունեցան կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի և դրա հետևանքով մահերի աճի վրա:

 

«Յուրաքանչյուր բժիշկ պետք է հասկանա՝ իր այդ խորհուրդներն ու քարոզն ինչ արդյունքի կարող են հանգեցնել»,- ասում է նա:

 

Ի՞նչ միջոցներով պայքարել հակապատվաստումային արշավ իրականացնող բժիշկների դեմ

 

Արտասահմանում այդ հարցերը կարգավորվում են բժիշկների լիցենզավորման ինստիտուտով, ասում է Սևան Իրիցյանը. «Մասնագետները, որոնց մասնագիտությունը հակապատվաստումային հոդվածներ գրելն է, որոնք նաև ինչ-որ ֆոնդերից ֆինանսավորվում են, արտասահմանում փորձեցին գիտական տվյալների կեղծումով իրենց հոդվածները հրապարակել հեղինակավոր պարբերականում, դրան հետևեց այն, որ այդ բժիշկներին լիցենզիայից զրկեցին: Եթե նման մեխանիզմ մեզ մոտ ևս առկա լինի, այն բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են անում, դա անելուց առաջ երեք անգամ կմտածեն, նոր կգնան այդ քայլին»:

 

Հակապատվաստումային արշավ իրականացնող բժիշկների դեմ ՀՀ կառավարությունը հստակ մեխանիզմներ դեռևս չի մշակել: Մի քանի օր առաջ միայն առողջապահության նախարարը հայտարարեց՝ Կառավարությունը 5 տարվա ընթացքում կյանքի կկոչի բժիշկների լիցենզավորման ինստիտուտը:

 

«Երբ բժիշկների լիցենզավորման ինստիտուտ ունենանք, բժիշկը, չի կարող լիցենզիան պահպանելով, հակագիտական գործունեություն ծավալել»,- ասել էր ՀՀ առողջապահության նախարարը:

 

Այժմ էթիկայի հանձանաժողով ունի Երևանի պետական բժշկական համալսարանը, որտեղ քննարկվում է պատվաստումների հակաքարոզով զբաղվող բժիշկների հարցը:

 

Հակապատվաստումային քարոզի դեմ տարբեր երկրներ տարբեր մեխանիզմներ են մշակում: Օրինակ՝ Ֆրանսիայի իշխանությունը 3000 բուժաշխատողի դեռ սեպտեմբերին ազատել էր աշխատանքից՝ հակապատվաստումային քարոզով զբաղվելու և պատվաստվել չցանկանալու համար: Սակայն այն բժիշկները, որոնք հետո համաձայնել էին պատվաստվել, նորից հնարավորություն էին ունեցել վերադառնալ աշխատանքի: Ռուսաստանի Դաշնության իշխանություններն էլ փորձելու են հակապատվաստումային քարոզով զբաղվող բժիշկների դեմ պայքարել իրավական ճանապարհով:

 

Ամիսներ առաջ էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ ընդդեմ Չեխիայի մի գործով վճիռ էր կայացրել, որ երեխաների պարտադիր պատվաստումը մի շարք հիվանդությունների դեմ անհրաժեշտություն է դեմոկրատական հասարակություններում, և չպատվաստված երեխաներին դպրոց չթողնելով՝ պետությունը չի գերազանցել իր լիազորությունները։ Պատվաստումների պարտադրանքի նպատակը երեխաներին լուրջ հիվանդություններից պաշտպանելն է։ Փորձագետներն այս վճիռը նախադեպ էին համարել քովիդի դեմ պատվաստումները պարտադիր դարձնելու հնարավոր գործընթացում։

Աղբյուրը` https://www.armtimes.com/hy/article/225109

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ