Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահական ոլորտում ցանկացած գործիքի կիրառումը պետք է լուծի ինչ որ հարց

Առողջապահական ոլորտում ցանկացած գործիքի կիրառումը պետք է լուծի ինչ որ հարց

1544
0

Ցավոք, պատվաստումներն իրականացվում են ոչ թիրախային, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր կարիք ունեն պատվաստման, չեն պատվաստվում։ Դրանք քրոնիկական հիվանդներն են, շաքարային դիաբետ, սիրտանոթային համակարգի հիվանդություններ, ճարպակալում ունեցող մարդիկ, իսկ, ովքեր անհրաժեշտություն չունեն պատվաստման, իրենց նկատմամբ վարչական լծակ կիրառելով՝ ինտենսիվ կերպով պատվաստում են։ Այս մասին Հարցազրույց հաղորդման շրջանակում ասել է բժիշկ, Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

«Ես և Դուք կարող ենք պատվաստվել վարչական լծակի կիրառմամբ կամ մեր որոշմամբ, բայց մենք մահացության ռիսկի խմբում չենք, մահացության ռիսկի խմբում մեր ծնողներն են, ովքեր վարչական լծակով չեն կարող պատվաստվել, նրանց հետ բացատրական աշխատանք չի տարվել, այսինքն՝ մահացողների մեծ մասը տարեցներն են: Մեր առաջարկն այն էր, որ ամեն ինչ արվեր ավելի նպատակային ու գրագետ»,-նշել է բժիշկը՝ հավելելով, որ առողջապահական ոլորտում ցանկացած գործիքի կիրառումը պետք է լուծի ինչ որ հարց։

«Եթե մենք ունենք բարձր մահացություն և ուզում ենք մահացությունը նվազեցնել, առաջինը պետք է հասկանանք, ովքեր են մահանում, երկրորդը հասկանանք՝ ինչ միջոցով ենք նվազեցնում մահացությունը և երրորդ՝ այդ միջոցը կիրառենք մահացողների վրա։ Կան հետազոտություններ, որոնք փաստում են, որ պատվաստումները նվազեցնում են մահացություն, կան հետազոտություններ, որոնք փաստում են, որ հիմնականում մահանում են տարեց մարդիկ, քրոնիկական հիվանդություններ ունեցողները։ Այսինքն՝ մենք գիտենք ովքեր են մահանում, ինչն է նվազեցնում մահացությունը, բայց դա չենք կիրառում, այսինքն՝ այդ կիրառման փուլը, որը անհրաժեշտ է գրագետ իրականացնել, որպեսզի արդյունավետ լինի՝ մեզ մոտ խափանված է»,-նշել է նա։

Անդրադառնալով պատվաստումային քարոզչությանը՝ Գրիգորյանն ասաց․«Ասում են՝ պատվաստվեք, որ համավարակից դուրս գանք, ինչից հետո ասում են՝ չէ, համավարակից դուրս չենք գալու, բայց պատվաստվեք, որ չմահանաք։ Ինչից հետո տեսնում են, որ պատվաստումը, այո նվազեցնում է մահացությունը, բայց չի հավասարեցնում զրոյի, ի՞նչ են ասելու հիմա։ Հիմա էլ ասում են՝ համ պատվաստվեք, համ դիմակ կրեք։ Իրենց հայտարարություններն են իրար հակասում»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ