Գլխավոր էջ Նորություններ Բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Բոտուլիզմի դեպք է արձանագրվել

456
0

Նոյեմբերի 3-ին Արարատի մարզի Ավշար համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով:

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ, համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված լոլիկի լեչոն  է: Այս պահին հիվանդը գտնվում է «Արմենիա» ԲԿ֊ում, վիճակը գնահատվում է ծանր։

 

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել  իր համը, հոտը, գույնը և տեսքը:

 

Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.

• խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

 

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը «Clostridium botulinum»-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130’C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ