Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Չափահաս բնակչության մոտ 20 տոկոսը պատվաստված է․ մանրամասներ

Չափահաս բնակչության մոտ 20 տոկոսը պատվաստված է․ մանրամասներ

776
0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հրապարակ․am-ի հետ զրույցում անդրադարձել է պատվաստման գործընթացին։

«Այսօր մեր բուժաշխատողները կարողանում են օրական 20 հազարից ավելի պատվաստում իրականացնել։ Ես պիտի գնահատանքի և շնորհակալության  խոսք հղեմ մեր առաջնային օղակի բուժաշխատողներին, ովքեր մի կողմից այս պահին էլ զբաղված են տանը բուժում ստացող հիվանդների հսկողությամբ և մյուս կողմից էլ՝ նման մեծածավալ պատվաստումային գործընթաց են իրականացնում։ Այո, կան հերթեր, և եթե հերթերում պահպանվի մի փոքր հեռավորություն, դիմակ կրելու կարևորագույն միջոցառումը, ապա դրանք վարակի տարածման ավել աղբյուր չեն հանդիսանում, քան թե որևէ այլ տեղ»,-ասել է նա։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի 31-ի դրությամբ իրականացվել է 798 հազար 545 պատվաստում, որից առաջին դեղաչափը՝ 545 հազար 174 քաղաքացի, երկրորդը՝ 250 հազար 371 քաղաքացի։

Հարցին, թե դա բնակչության քանի՞ տոկոսն է, նախարարը նշեց․«Չափահաս բնակչության մոտ 20 տոկոսը։ Այո, մենք բարելավել ենք մեր ցուցանիշները, բայց մյուս երկրներն էլ են իրենց ցուցանիշները շարունակաբար բարելավում և դեռ նախընտրելի տեղում չենք»։

Նախարարը նաև նշեց, որ այն երկրներում, որտեղ պատվաստումների մակարդակը 70 տոկոսից ավելի է, գրանցվում է հիվանդացության աճ։

«Բայց մենք տեսնում ենք հստակ հսպիտալացման, մահվան դեպքերի նվազում և չենք տեսնում կապը դրական դեպքերի աճի և հոսպիտալացման դեպքերի աճի։ Մենք հասկանում ենք, որ այս էտապում անհնար է վարակը վերացնել, մեր նպատակն է պատվաստումների միջոցով ստեղծել բավարար իմունիտետ, որ անգամ հիվանդանալու պարագայում այն հեշտությամբ հաղթահարենք և կանխենք մահվան դեպքերը»,-ասել է նա։

Ավանեսյանի խոսքով՝ կան հարյուրից ավելի հղի կանայք, որոնց կեսը թոքաբորբով բուժում է ստանում բժշկական կենտրոններում և նման իրավիճակ չի գրանցվել նախորդ ալիքների ժամանակ։

«Բայց նաև տեսնում ենք, որ այն անձինք, ովքեր պատվաստված են ու հիվանդացել են՝ հիվանդությունը տանում են շատ ավելի մեղմ ընթացքով»,-նշել է նա։

Medmedia.am խմբագրություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ