Գլխավոր էջ Գլխավոր Նախարարությունը ուզենալով կանխարգելել համավարակը, ստեղծեց համավարակի տարածման կենտրոններ

Նախարարությունը ուզենալով կանխարգելել համավարակը, ստեղծեց համավարակի տարածման կենտրոններ

1048
0

Առողջապահության նախարարությունը չի հաշվարկում իր քայլերը, իր ռեսուրսները մինչև որևէ նախագիծ ներդնելը։ Խնդիրն այն է, որ նրանք փորձեցին թեստերի միջոցով ապահովել պատվաստումների ծածկույթը, սակայն նրանք հաշվի չառան, որ թեստավորման ծավալը, լաբորատորիաների թողունակությունը սահմանափակ է։ Արդյունքում այնտեղ հերթեր առաջացան։ Նման կարծիք Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում հայտնել է բժիշկ, Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը։

«Նրանք նաև հաշվի չառան, որ պոլիկլինիկաներում բժիշկների թողունակությունն էլ է սահմանափակ և շատ մարդիկ, ովքեր գնացին պատվաստվելու ու դեռ գնում են պատվաստվելու, տեսանք, որ չկարողացան պոլիկլինիկաները բավարար կերպով սպասարկել և այնտեղ էլ առաջացան հերթեր, դժգոհություն և այլն»,-նշել է նա։

Ըստ բժշկի՝ խնդիրն այն է, որ թե լաբորատորիաների, թե բժիշկների հետ համապատասխան աշխատանք չի տարվել։

«Լաբորատորիաների աշխատանքը դնենք մի կողմ, քանի որ նրանք մասնավոր կենտրոններ են, որոնք պատասխանատու են իրենց կենտրոնի, իրենց բիզնեսի աշխատանքի համար։ Պոլիկլինիկաների բժիշկները շատ հաճախ չեն իմանում Առողջապահության նախարարության նախագծերի մասին և ուղղակի հայտարարելուց հետո նոր տեղեկանում են, որ իրենք պետք է զբաղվեն որևէ գործով։ Այդպես եղավ Կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ, երբ հայտարարեցին, որ պոլիկլինիկաների աշխատակիցները այսուհետ կբուժեն Կորոնավիրուսը, իսկ պոլիկլինիկաները պատրաստ չէին»,-ասել է Գրիգորյանը։

Նա նշեց, որ նախարարությունում հաշվի չեն առել, որ բժիշկը բացի պատվաստման քարոզից, պատվաստում իրականացնելուց ունի շատ այլ գործառույթներ․«Արդյունքում մենք ունենք պոլիկլինիկական օղակի գերծանրաբեռնվածություն, այդ պոլիկլինիկաների պարալիզացիա, այսինքն՝ մարդիկ վախենում են գնան դեղերը ստանան, պրոֆիլակտիկ այց կատարեն, որովհետև հասկանում են, որ այնտեղ հերթեր են, պոտենցիալ վարակակիրներ կան և իրենք կարող են վարակվել։ Նախարարությունը ուզենալով կանխարգելել համավարակը, ստեղծեց համավարակի տարածման կենտրոններ»։

Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած չհաշվարկված քայլ կառավարման մեջ հղի է շատ լուրջ հետևանքներով ու բարդություններով։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ