Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են մարդկանց երկընտրանքի առաջ կանգնեցնում՝ ՊՇՌ թեստ կամ պատվաստում

Ինչու՞ են մարդկանց երկընտրանքի առաջ կանգնեցնում՝ ՊՇՌ թեստ կամ պատվաստում

1809
0

Հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները ստիպված կլինեն կամ պատվաստվել, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնել գործատուին, հակառակ դեպքում կարող է կորցնել աշխատանքը: Սույն որոշման կարևորության, օրինաչափության ու այսրոպեականության վերաբեյալ Medmedia.am-ը զրուցել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ.

Ինչու՞ են մարդկանց երկընտրանքի առաջ կանգնեցնում՝ ՊՇՌ թեստ կամ պատվաստում։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Ինչ խոսք, չափազանց տխրեցնող ու միգուցե հետևությունների արժանի փաստ է, որ չստացվեց ձևավորել վստահության մթնոլորտ COVID-19 դեմ պատվաստումների գործընթացի նկատմամբ և ներկայում ստիպված ընդունվում են նման որոշումներ։ Ես որևէ մասնակցություն չեմ ունեցել որոշման ընդունման գործում, բայց այնուամենայնիվ նպատակները հասկանալի են՝ պաշտպանել հայաստանցիների կյանքը, առողջությունը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իմ համոզմամբ նաև ամրապնդել ազգային անվտանգությունը, պատվաստումների խթանման միջոցով։ Նշեմ, որ Հայաստանը բացառություն չէ, օրինակ՝ նման կարգավորում գործում է կամ առաջիկայում կգործեն մի շարք երկրներում՝ ԱՄՆ, Իտալիա, Հունաստան և այլն, սակայն նրբությունը նրանում է, որ այդ երկրներն արդեն իսկ գրանցել են պատվաստումների բարձր ցուցանիշներ 60% և ավելին հատկապես ռիսկի խմբերում ու հիմա փորձում են երիտասարդների ևս մոտիվացնել, որ պատվաստվեն։

Մի՞թե սա պատվաստման պարտադրանք չէ, կամ հավելյալ ֆինանսական բեռ ՀՀ քաղաքացու համար։

Դավիթ Մելիք-Նուբարյան -Իմ կարծիքով սա ողջամիտ բալանս է, անհատի ազատությունների և հանրային առողջության պահպանման անհրաժեշտության միջև։ Նման էթիկական դիլեմաներ գրեթե միշտ զուգորդել են հանրային առողջության և մասնավորապես պատվաստումների գործընթացներին։ Այսպես, Էդվարդ Ջեների կողմից բնական ծաղիկի դեմ պատվաստանյութ հայտնաբերելուց 55 տարի անց՝ 1853 թվականին այն Անգլիայում դարձավ պարտադիր, իսկ 1873 թվականին ներդրվեց տուգանք չպատվաստված անձանց համար, քանի որ այն գաղափարը, որ այդ օգտակար և անվճար հանրային առողջության միջոցառումը լայն արձագանք կգտնի մարդկանց շրջանում լիարժեք ծավալով չարդարացրեց իրեն և ավելացրեց հակազդեցությունը հասարակության շրջանում: Եվս 25 տարի անց՝ 1898 թվականին հակապատվաստումային շարժումը հասավ նրան, որ ծնողներին իրավունք վերապահվեց չպատվաստել իրենց երեխաներին: Բայց ինչպես հայտնի է, արդեն 20-րդ դարում բնական ծաղիկը վերացվեց հենց զանգվածային ու ինչ որ առումով պարտադիր պատվաստումների արդյունքում։ Ինչ վերաբերում է ֆինանսական բեռին, այստեղ ես ունեմ իմ անձնական կարծիքը, որ պետք է COVID-19 ՊՇՌ թեստավորումը ճանաչել շահույթ չհետապնդող միջամտության՝ հաշվարկել դրա ինքնարժեքը և ամրագրել առավելագույն գին, որը միասնական կլինի բոլոր ծառայությունների մատուցողների համար։ Մարդիկ կզգան, որ այս ամենը չի արվում շահույթ հետապնդելու համար կամ իրենց ֆինանսապես ճնշելու համար, այլ միայն ու միայն առողջության պահպանման ու վարակի տարածման կանխարգելման նպատակով։

 Եթե մարդը վարակվել է կորոնավիրուսով և հակամարմիններ արդեն իսկ ձևավորված է, ապա ո՞րն է պատվաստման պարտադրանքի իմաստը։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Շնորհակալություն այս հարցը բարձրացնելու համար, այն օբյեկտիվ է և մարդիկ պետք է իմանան դրա գիտական հիմնավորումը։ Մինչև բուն պատասխանին անցնելը նշեմ, որ իզուր ենք պատվաստմանը վերաբերվում, որպես պոտենցիալ վտանգավոր մի գործողության։ Պատվաստումները անվտանգ են ու արդյունավետ, դրա մասին են վկայում 6 միլիարդից ավել իրականացված պատվաստումները ամբողջ աշխարհում։ Հիման ինչու պետք է պատվաստվի հիվանդացած և հակամարմիններ ունեցող անձը։ Կա մի քանի պատճառ. 1-ինը, այո հակամարմինները պաշտպանում են, բայց դրանց քանակը նվազում է ժամանակի ընթացքում, մարդկանց մի մասի մոտ առհասարակ չի առաջացնում, դրա մասին են վկայում նաև մեր համալսարանում ընթացող հետազոտությունները և ներկայում ոչ ոք չգիտի թե որքան է այսպես ասած այն «անվտանգ» շեմը, որը հատելուց հետ մարդը պետք է պատվաստվի COVID-19 դեմ։ 2-րդը, վիրուսը ենթարկվում է մուտացիայի և մասնավորապես Դելտա տեսակը իջեցնում է հակամարմինների պաշտպանիչ հատկությունները, մեզ դարձնելով ավելի խոցելի, իսկ պատվաստումը խթանում է մեր իմուն համակարգը վերականգնելով պաշտպանությունը։ 3-րդը՝ կազմակերպչական տեսանկյունից անհնարին է մի քանի հարյուր հազար, իսկ շատ երկրներում միլիոնավոր մարդկանց հակամարմինների նկատմամբ սահմանել մշտական հսկողություն և քանի որ պատվաստումը համարվում է անվտանգ ու չկա որևէ հակացուցում հակամարմին ունենալու և պատվաստվելու համար, ապա խորհուրդ է տրվում պատվաստվել։ Կա նաև 4-րդ գործոնը, որը բնորոշ է մեր երկրին։ Մեր գնահատականներով, COVID-19 տարած մարդկանց իրական թիվը զգալի ավելին է և կազմում է շուրջ 500 հազար մարդ, բայց այդ մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն ախտորոշվել, և հիմա հարց է առաջանում, իսկ նման դեպքերում ինչպես վարվել։ Ճիշտ է կան որոշ նրբություններ, օրինակ ԵՄ 14 երկրներում նախկինում նոր կորոնավիրուսային հիվանդություն տարած անձանց խորհուրդ է տրվում մեկ դեղաչափ։

Մի՞թե ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելով կարող ենք վերահսկել հիվանդության տարածումը։

Դավիթ Մելիք-Նուբարյան-Այս գործընթացն ենթադրում է մեծ վարչարարություն, բազմաթիվ մատյանների վարում և մարդկային ջանքեր։ Որքանով այն օգտակար կլինի մեծապես կախված է դրա իրագործման արդյունավետությունից։

Ավելի ճիշտ չէ՞ բնական իմունիզացիայի ճանապարհով գնալ, ի՞նչ կտա մեզ պատվաստումը։

Դավիթ Մելիք-Նուբարյան -միանգամից նշեմ, որ սա չափազանց վտանգավոր ճանապարհ է։ Տեսեք, որպեսզի ձևավորվի կոլեկտիվ իմունիտետ պետք է, որ մարդկանց 75-85% լինի իմունիզացված։ Հայաստանի բնակչության 75% կազմում է 2.250.000 մարդ, հանենք նաև մոտ 500.000 արդեն հիվանդացածներ, մնում է 1.750.000 մարդ։ Այդքան մարդ 3 տարում հիվանդանալու և իմունիտետ ձեռք բերելու դեպքում կկորցնենք առնվազն 52.500 կյանք՝ 3% մահաբերության դեպքում։ Որպիսի ավելի լավ պատկերացում կազմենք թվերի մասին, նշեմ, որ մինչև COVID-19 Հայաստանում մահանում էր տարեկան շուրջ 26.000 մարդ, և քանի որ այլ հիվանդություններից ևս մարդիկ շարունակվելու են մահանալ, խոսքը գնում է լրացուցիչ 52.500 կյանքի մասին։ Ոչ ոք չի պնդում, որ պատվաստվածները երաշխավորված են ծանր և անցանկալի ելքերից, բայց հավանականությունները անհամեմատելի են, 1.750.000 ամբողջությամբ պատվաստված մարդկանց շրջանում ծանր և անդառնալի ելքերը COVID-19 հետևանքով կլինեն շուրջ 122, կարծում եմ մեկնաբանությունները ավելնորդ են։ Ուզում եմ ընդգծել, որ թվերի հետևում իրական կյանքեր են, իրական մարդիկ, ընտանիքների ճակատագրեր, նպատակներ, մի թե մեր հասարակությունը պատրաստ է վճարելու այդ գինը, մի թե մենք այդքան ցածր ենք գնահատում հայ մարդու կյանքը։ Նմանատիպ վտանգավոր կարծիքներն արդեն իսկ ձեավորվել են անվստահություն մթնոլորտ ու հակահամաճարակային պայքարի պահանջարկի բացակայություն, բայց իրականությունն այնպիսին է, որ հայ ժողովուրդը մաշվում է կորոնավիրուի հետևանքով, ինչը հայրենասեր մարդկանց մոտ պետք է որ առաջացնի գոնե անհանգստություն։

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ