Գլխավոր էջ Նորություններ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում. Ավանեսյան

Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում. Ավանեսյան

831
0

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը:

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք «մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Նախարարը նշեց նաև, որ  այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը:

 

«Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը: Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստում չեն ստացել», – նշեց Ավանեսյանը: Նախարարի համոզմամբ՝ համավարակը հաղթահարելու գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է:

 

Ավանեսյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնող պահանջին՝ նշելով, որ կանոնը գործելու է բոլորի համար:

 

Սուրեն Պապիկյանն էլ նկատեց, որ հանրության մեջ նշվում է, թե պետական պաշտոնյաների մասին կետ չկա:

 

Նախարարն ասաց, որ պետական ապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են, ու այս պահին պետական ապարատում պատվաստումների թիվը հասնում է 70 տոկոսից բարձր ցուցանիշի:

 

Փոխվարչապետն ասաց, որ Հայաստանը թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի մասշտաբով առաջնային տեղ չունի պատվաստված քաղաքացիների թվով:

 

«Սա խիստ մտահոգիչ է, մենք հայտնվում ենք տարբեր կարմիր «զոնաներում», որի արդյունքում ավելի քիչ թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով ՀՀ քաղաքացիներ կարող են հեշտությամբ լինեն տարբեր երկրներում: Իմ կոչն է՝ հնարավոինս արագ պատվաստվել», – ասաց Պապիկյանը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ