Գլխավոր էջ Գլխավոր Որպես կառավարություն հոգ ենք տանում մեր ազգաբնակչության առողջության մասին ևս․ Անահիտ Ավանեսյան

Որպես կառավարություն հոգ ենք տանում մեր ազգաբնակչության առողջության մասին ևս․ Անահիտ Ավանեսյան

657
0

«Մենք արդեն մշակել ենք որոշակի փոփոխությունների փաթեթ, որն առաջիկայում կընդունվի, և հոկտեմբերի 1-ից մենք ևս դիտարկում ենք՝ պատվաստված չլինելու պարագայում ժամանակ առ ժամանակ ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունը և սա միայն կոնկրետ անձի առողջությանը չի վերաբերվում։ Երբ մարդ որոշում է կայացնում իր առողջության հետ կապված, իհարկե, դա իր իրավունքի և պարտականության շրջանակում է, բայց ինչպես տեսնում ենք՝ մենք որպես պետություն, որպես կառավարություն հոգ ենք տանում մեր ազգաբնակչության առողջության մասին ևս»,-երեկ՝ օգոստոսի 17-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ պատվաստումը այս պահին գործուն միջոց է կանխարգելելու, հնարավորինս նվազեցնելու վարակի տարածումը, դրա ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդանալու ռիսկը․«Եվ մենք համարում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է։ Եթե անձը հրաժարվում է պատվաստվել, ապա պետք է անընդհատ ՊՇՌ թեստ հանձնել, որպեսզի հավաստի լինի նրա վարակված չլինելու փաստը։ Եվ մարդը աշխատանքի հաճախելուց չվարակի իր կոլեգաներին, չվարակի տրանսպորտում այլ անձանց, խանութ մտնելիս չվարակի իր շուրջը գտնվող այլ քաղաքացիների»։

Հարցին, թե ինչո՞ւ է փոփոխությունը նախատեսվում հոկտեմբերի մեկից՝ նախարարը պատասխանեց․«Մենք պետք է ժամանակ տանք քաղաքացիներին՝ ցանկության դեպքում համապատասխանեցնել իրենց վարքը փոփոխություններին։ Այդ պատճառով այս երկու ամիսները ժամանակ ենք տրամադրում, որ քաղաքացիները գնան և պատվաստվեն»։

Նա նաև տեղեկացրեց, որ իրականացվել է 225 հազարից ավելի պատվաստում, որը 5 տոկոսից մի քիչ ավելի է։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ