Գլխավոր էջ Նորություններ ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդագրությունը ուշացած է

ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդագրությունը ուշացած է

1016
0

Դեռ 2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Այդ օրվանից հիվանդության քարտեզը մեծացել է և ընդգրկել տասնյակից ավել երկրներ։
Այսօր ահա, ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություններ է ուղարկում բաժանորդներին, որում ասվում է. «Եթե վերջին 14 օրում եղել եք ՀՀ-ից դուրս, ունեք գլխացավ,հարբուխ,ջերմություն, հազ, դժվար եք շնչում, ապա դիմեք պոլիկլինիկա և հայտնեք այդ մասին:Թեժ գիծ 8003, 060838300»։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր` 32 մարդ մեկուսացվել է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։

Նկատենք, որ վիրուսը գրեթե երեք ամիս է տարածվում է աշխարհում, իսկ Առողջապահության նախարարությունը հիմա է նախազգուշացնում քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ Նոր տիպի կորոնավիրուսի զոհերի թիվն այսօրվա դրությամբ հասել է 2981-ի, հիվանդանոցներից դուրս է գրվել շուրջ 50 հազար մարդ, հայտնում է ՉԺՀ–ի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն։

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 80 304 մարդ է։ Վերջին քսանչորս ժամում Չինաստանում կորոնավիրուսից 38 մարդ է մահացել։

Աշխարհում, ընդհանուր առմամբ հաստատված է վարակման 93 454 դեպք։ Գերմանիայում վարակվածների թիվը հասել է 203-ի, Իտալիայում` 2502-ի, Շվեյցարիայում` 58-ի։

Իրանը վարակվածների քանակով չորրորդ երկիրն է աշխարհում` Չինաստանից, Հարավային Կորեայից և Իտալիայից հետո։

Այս երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2.3 հազար դեպք, 77 մարդ մահացել է, 435-ը առողջացել են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ