Գլխավոր էջ Գլխավոր Ո՞ր պարագայում է հնարավոր հրաժարվել կորոնավիրուսի դեմ պատվաստումից

Ո՞ր պարագայում է հնարավոր հրաժարվել կորոնավիրուսի դեմ պատվաստումից

580
0

Շատերին այսօր հետաքրքրում է,կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ ինչ հետազոտություններ պետք է անցնեն և կա՞ն հակացուցումներ ու որո՞նք են դրանք։

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում:

Որո՞նք են հակացուցումները։

Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է:

Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ:

Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:

Ի դեպ, հակացուցում կարող է համարվել նաև կվինկեի այտուցը, որի ժամանակ փակվում է մարդու շնչափողը, այն կարող է առաջանալ ցանկացած պահի և եթե մարդն այդ պահին չի ստանում բուժօգնություն, ինչը տան պայմաններում անհնար է, առաջանում է մահ։

Արդյո՞ք հղիության ընթացքում կարելի է պատվաստվել։

Առողջապահության նախարարության էջում տեղադրված տեղեկատվության համաձայն հղիությունը պատվաստման հակացուցում չէ, պարզապես հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում:

«Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ»,-նշված է տեղեկատվության մեջ:

Չնայած այս ամենին,մարդը կարող է չպատվաստվելու համար ներկայացնել հակացուցումը հավաստող փաստաթուղթ։

Բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը։

COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից:

Պատվաստման բժշկական հակացուցման վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է ամբուլատոր քարտում, որի հիման վրա անձին տրամադրվում է քաղվածք` ըստ պահանջի ներկայացնելու համար: Քաղվածքը ստորագրվում և կնքվում է բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից, իսկ թե անձը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, ապա առողջության վերաբերյալ եզրակացությունը (էպիկրիզը) ներկայացվում է առողջության առաջնային պահպանման կազմակերպություն, կցվում է ամբուլատոր քարտին, որի հիման վրա անհրաժեշտության դեպքում տրամադրվում է քաղվածք անձի պատվաստման հակացուցման վերաբերյալ:

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ