Գլխավոր էջ Գլխավոր Թշնամական քա՞յլ, թե՞ զուգատիպություն․ սիբիրյան խոցի հետքերով

Թշնամական քա՞յլ, թե՞ զուգատիպություն․ սիբիրյան խոցի հետքերով

1033
0

Ի՞նչ է սիբիրյան խոցը

Սիբիրյան խոցը` վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է: Վարակի աղբյուրը` խոշոր և մանր եղջերավորները, ձիերը և ուղտերը:

Ինչպե՞ս է տարածվում այս հիվանդությունը։

Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց:  Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:

Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում:

Ինչպե՞ս է վարակվում մարդը։

Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս:

Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետևանքով:

Տարբերվում է սիբիրյան խոցի 4 կլինիկական ձև՝ մաշկային, ստամոքսաղիքային, ինհալյացիոն՝ զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ, Ներարկումային՝ դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում:

Շիրակի մարզի 8 բնակչի մոտ արդեն իսկ հաստատվել է «սիբիրյան խոց»։

Հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժում:

Նշենք, որ հոսպիտալացված քաղաքացիների մեծ մասը հիմնականում մորթ անողներն են: Կանանցից մեկը միսը գնել է հարևանից: Քաղաքացիների մոտ սիբիրյան խոցի մաշկային ձևն է։ Հիվանդների մարմնի տարբեր հատվածներում առկա են վերքեր։

Ի դեպ՝ դեպքից հետո Իսահակյան գյուղում մեկ տասնյակից ավելի խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ են անկել: Այնուհետև՝ ամբողջ գյուղի գլխաքանակը սիբիրախտի դեմ պատվաստվել է:

Թեմայի շուրջ, Medmedia.am-ը զրուցել է «Պարացելսուս» ՀԿ նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանի հետ, ով նշեց, որ Հայաստանում վարակի մաշկային ձևն է տարածված, որից հնարավոր է ազատվել , իսկ ահա, սիրբիրախտի հարուցիչի աղիքային կամ թոքային ձևը եթե տարածվի, դրա դեմ պայքարելը շատ դժվար կլինի․

«Մենք դրա տակից չենք կարողանա դուրս գալ։ Աղիքային ու թոքային ձևերը  համարյա թե բուժումներ չունեն, այն ներթափանցելով մարդու օրգանիզմ, անգամ տանջամահություն կարող է առաջացնել:

Ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել։

«Կարծում եմ, որ վարակի տարածումը կանխելու համար կառավարությունը պետք է հայտարարի արտակարգ դրություն, նախ պետք է արգելվեն ապօրինի մորթերը և վաճառքի հանված մսերը ստուգվեն։ Պետք է հասկանալ վարակի աղբյուրը։ Աղբյուր կարող է հանդիսանալ ջուրը, սատկած կենդանին և այլն։ Բայց մի կարևոր հանգամանք․ չմոռանանք, որ Գեղարքունիքում կան դիրքեր, որ թշնամին գրավել է, ի դեպ, այնտեղ մենք ջրային ռեսուրսներ ունենք, որոնց թշնամին մասնակի տիրապետում է։ Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ․․․Պետք  չէ այս հարցի լուծումը թողնել գյուղացուն, որ մորթ անի, իր անասունը տանի, թաղի ու կարծենք, թե  վարակը կանխեցինք»։

Ինչպե՞ս վարվի քաղաքացին։

«Պետք է զերծ մնալ պատահական վայրերից մսեր գնելուց, որովհետև մենք չգիտենք, թե դրանք որտեղի՞ց են բերվել, վարակված եղե՞լ է կենդանին, թե՞ ոչ։ Հարկավոր է զգուշավորություն պահպանել, մինչև արտակարգ դրության հաստատումը»։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ