Գլխավոր էջ Գլխավոր Բուժառուի «շնորհակալությունը» բժշկին

Բուժառուի «շնորհակալությունը» բժշկին

575
0
Լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Նաիրի ԲԿ-ի բժիշկ Գնել Անանյանի և նրա պահվածքի մասին: Մոտ մեկ շաբաթ առաջ Արման Ղարիբյանը բժիշկ Անանյանի մոտ վիրահատել էր քթի միջնապատը, ինչի արդյունքից գոհ է: Իսկ երեկ պետք է այցելեր բժշկին` հետվիրահատական շտկումների և վիճակի գնահատման համար: Սակայն այդ ամենը ոչ միայն տեղի չունեցավ, այլև իրավիճակն այլ զարգացումներ ստացավ: Արման Ղարիբյանը 1 ժամ և ավելի սպասելուց հետո պարզեց, որ բացի իրենից, մի քանիսը ևս նույն ժամին են հերթագրված: Իսկ բժիշկ Անանյանն էլ ներս է հրավիրել իր ընկերոջ աղջկան, ով գրանցված էր եղել ավելի ուշ, քան Արման Ղարիբյանը: Գրառման մեջ նշվում է նաև, որ իրավապաշտպանի կինը`Աննա Նիկողոսյանը ևս բախվել է նման խնդրի`ում ամիսներ առաջ նույն բժիշկն էր վիրահատություն կատարել: Իսկ Արման Ղարիբյանն էլ ստիպված դիմել է այլ բժշկի՝ վճարովի հիմունքներով ստանալու հետվիրահատական սպասարկումը: MedMedia.am-ը կապ հաստատեց բժիշկ Անանյանի հետ`պարզելու իրավիճակը: Ասելով, որ տեղյակ է Արման Ղարիբյանի խնդրից` չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, հերքել կամ հաստատել այն:
«Մեր ազգաբնակչությունը էդպես է գնահատում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող բժշկին, հիմա հիվանդ է իմ դիմաց նստած, ինձ հարմար չի առհասարակ, ես չեմ ուզում մեկնաբանել: Փոխանակ շնորհակալություն հայտնեն, ինչ են անում»,- նշեց Անանյանը: Իրավիճակի վերաբերյալ որևէ խոսք չեղավ բժշկի կողմից: Հավելեց, որ նա այնուամենայնիվ սպասում է գովասանքի, և ոչ թե նման արձագանքի, քանզի գովասանքից է բժիշկը շարունակում էլ ավելի ոգևորությամբ աշխատել:
Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ