Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս է ավտովթարի ենթարկված 14-ամյա տղայի առողջական վիճակը․ թարմացում

Ինչպե՞ս է ավտովթարի ենթարկված 14-ամյա տղայի առողջական վիճակը․ թարմացում

464
0

Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14-ամյա մի երեխա տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Նա հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, կատարվել էր մի շարք վիրահատություններ։

«Նա ունի զուգակցվող վնասվածքներ՝ դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի, կոնքոսկրերի կոտրվածքներ, որովայնի և թոքերի սալջարդ: Իրականացվել է մեկ վիրահատություն, անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտություններն իրականացվել են: Ներկայում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- նշել էր Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն  տարածեց, որ հունիսի 16-ին ժամը 15:50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։

Կատարվում է քննություն։

Ի դեպ՝ սոցիալական կայքերում և լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ միջադեպը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին սպասարկող մեքենայի մասնակցությամբ: Տարածվում է նաև տեղեկություն, որ մեքենան շատ մեծ արագությամբ հարվածել է հանդիպակաց ընթացող մեքենային: Նախարարությունից տեղեկությունը չեն մեկնաբանում:

Այսօր, հունիսի 23-ին Գևորգ Դերզյանը տեղեկացրեց, որ բարդ վիրահատություններից հետո տղան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Առողջական վիճակում կա դրական տեղաշարժ:

«Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն»,-նշել է նա:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ