Գլխավոր էջ Նորություններ Կենսական նշանակություն ունեցող երեք օրգան, որոնք կարող են ախտահարվել կորոնավիրուսով

Կենսական նշանակություն ունեցող երեք օրգան, որոնք կարող են ախտահարվել կորոնավիրուսով

466
0

Կորոնավիրուսային վարակը սովորաբար առաջին հերթին մտազուգորդվում է միայն թոքերի ու շնչառական համակարգի այլ օրգանների ախտահարման հետ, սակայն համավարակի առաջին իսկ ամիսներից գիտնականները նկատել են, որ հիվանդությունը կարող է ներթափանցել ոչ միայն թոքերը, այլև որոշ այլ օրգաններ։ Գիտությանն արդեն իսկ հայտնի են դեպքեր, երբ հիվանդության օջախը հայտնաբերվել է հիվանդի մաշկի կամ աչքերի հյուսվածքներում, սակայն սրանք խիստ հազվադեպ հանդիպող դեպքեր են, որոնք չեն կարող նորմա համարվել։ Այնուամենայնիվ կան կենսական նշանակություն ունեցող այլ օրգաններ, որոնք կարող են ախտահարվել այս վտանգավոր վարակով, ինչն էլ բավական լուրջ հետևանքների կհանգեցնի։

 

Medikforum.ru կայքը ներկայացրել է կենսական նշանակություն ունեցող այն օրգանները, որոնք կարող են ախտահարվել COVID-19-ի հարուցիչով։

 

Մարսողական համակարգ

 

COVID-19-ով հիվանդների մոտ բժիշկները հաճախ են արձանագրում, որ հիվանդության օջախը լինում է աղեստամոքսային տրակտը, ինչի մասին վկայում են նաև հիվանդությանը բնորոշ ախտանշանները։ Կորոնավիրուսային վարակի դեպքում հիվանդների մոտ հաճախ է նկատվում այս համակարգի հետ կապված տհաճ ախտանշաններ, այդ թվում՝ փորլուծություն, աղիների սուր ցավեր, փորկապություն և այլն։ Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է բարդություններ առաջացնել, ինչը կհանգեցնի աղեստամոքսային տրակտով անցնող արյունատար անոթներում թրոմբների զարգացման։ Ի վերջո սա կարող է դառնալ մարսողական համակարգի օրգաններին թթվածնի մատակարարման խանգարման պատճառ, իսկ նման դեպքերում բժիշկների շտապ միջամտության բացակայությունը կարող է մահվան հանգեցնել։

 

Գլխուղեղ

 

Ներկայում մասնագետները համարում են, որ կորոնավիրուսի ներթափանցումը գլխուղեղ ամենալուրջ խնդիրներից է, քանի որ նման դեպքերում փաստացիորեն միշտ հիվանդների մոտ որոշակի բարդություններ են մնում։ Նման լուրջ դեպքերում ախտանշանների ու հնարավոր բարդությունների ցանկը բավական մեծ է, քանի որ հիվանդի մոտ կարող են ի հայտ գալ ինչպես բավական անվնաս հոտառության ու համի զգացողության կորուստ, այնպես էլ խիստ վտանգտավոր բարդություններ, այդ թվում՝ գլխուղեղի բորբոքում (էնցեֆալիտ), Գիյեն-Բարեի համախտանիշ, գլխուղեղի կաթված և այլն։

 

Սրտամկան

 

Փորձը ցույց է տվել, որ կորոնավիրուսը կարող է ախտահարել նաև սրտամկանը։ Որոշ դեպքերում կորոնավիրուսով հիվանդների մոտ վիրուսի զգալի կուտակում է հայտնաբերվել սրտամկանում, ինչը կարող է հանգեցնել օրգանի մկանային շերտի բորբոքման՝ միոկարդիտի։ Լուրջ ախտահարման դեպքում հիվանդների մոտ կարող են նկատվել սրտի ռիթմի լուրջ խանգարումները, ինչը կարող է շատ վտանգավոր լինել ու շատ վատ հետևանքներ ունենալ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ