Գլխավոր էջ Գլխավոր Սևանի հոգեբուժարանի պատերից ներս․ հիվանդները մասնակցե՞լ են հանրահավաքի

Սևանի հոգեբուժարանի պատերից ներս․ հիվանդները մասնակցե՞լ են հանրահավաքի

1436
0

Երեկ համացանցում ակտիվորեն լուրեր տարածվեց, թե Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին  տասնյակ միկրոավտոբուսներով տեղափոխել են երևան՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու համար։

«Վարչապետի աթոռը զբաղեցնող և սեփական դավաճան իշխանության գահավիժումն արձանագրող Փաշինյանը՝ զգալով, որ Երևանի Հանրապետության հրապարակում հունիսի 17-ին նախատեսված հանրահավաքին բռնի ուժով, սպառնալիքներով, վարչական ռեսուրսների կիրառման ու այլևայլ մեթոդներով չի կարողանալու ապահովել մարդաշատ տեսարան, դիմել է ամենապիղծ, նախադեպը չունեցող անմարդկային քայլի»,-գրում է Yerkir.am-ը, հավելելով, որ հաստատության հիվանդներին տարել են Հանրապետության Հրապարակ։

Yerkir.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է հոգեբուժարանի ղեկավար անձնակազմը հատուկ ցուցակագրման միջոցով հոգեբուժարանի հիվանդներին նստեցնում տասնյակ միկրոավտոբուսներ և տեղափոխում Երևան:

Սույն տեղեկատվությանը արձագանքել է համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը, նշելով, թե չի ցանկանում հավատալ, որ այդ ամենը հնարավոր է տեղի ունեցած լինի։

«Եթե հաստատվի հոգեբուժարանի պացիենտների մասին լուրը….Չեմ ուզում հավատալ, որ դա հնարավոր է իմ երկրում։ Բայց եթե դա հաստատվի, ապա բոլոր այն բժիշկները, որոնք թույլ են տվել դա, չեն ըմբոստացել, չեն պաշտպանել իրենց պացիենտին, պետք է ցմահ զրկվեն բժշկական գործունեության իրավունքից։ Իսկ հրաման տվողները` պետք է դատվեն և ազատազրկվեն»,-գրել է նա։

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է  «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանի հետ, ով նշեց, թե չի ցանկանում հավատալ, որ նման բան հնարավոր է․

«Միգուցե հոգեբուժարանի աշխատակիցներն են, ոչ թե հիվանդները։ Ամեն դեպքում, դեռ առողջապահության նախարարության կողմից հերքում չկա, Աստված չանի սա իրականությանը համապատասխանի։ Եթե ճիշտ է, ապա սա հանցագործություն է, շատ լուրջ հանցագործություն, որը կապված է հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց հետ։ Ըստ իմ սուբյեկտիվ տեսակետի՝ հոգեբուժարանի աշխատակիցներն ու նրանց հարազատներն են եղել»,-նշեց մեր զրուցակիցը։

Medmedia.am-ը զրուցել է նաև առողջապահության նախարարության  մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ, ով նշեց, որ ԱՆ-ն հերքում է տարածված տեղեկատվությունը․

«Իրականում նման բան չկա, այս թեման քաղաքական շահարկումների թիրախ են դարձրել։ «ՍԵՎԱՆԻ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ն դիմել է ՄԻՊ-ին, որպեսզի պացիենտների իրավունքները պաշտպանվի։ Առողջապահության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը»,-Medmedia.am-ի հետ զրույցում նշեց Հռիփսիմե Խաչատրյանը։

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ