Գլխավոր էջ Նորություններ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել․ ՀՀ ԱՆ

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել․ ՀՀ ԱՆ

317
0

ՀՀ առողջապահության նախարարության, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, աշխատանքի և առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության և «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ Վրաստան» (ASB) գերմանական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև» խորագրով ծրագրի նպատակն է նպաստել տարածաշրջանային երկու երկրների առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի և անհետաձգելի բժշկական օգնության թիմերի գործունեության բարելավմանը և զարգացմանը: Այս ամենը հնարավոր կդառնա ստեղծվելիք անհետաձգելի բժշկական օգնության թիմերի արդյունավետ փոխգործակցության ճանապարհով։

«Վստահ եմ, որ այս նորաստեղծ հարթակը նոր շունչ և թափ կհաղորդի երկու հարևան երկրների առողջապահական ոլորտում փոխգործակցության զարգացմանը և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Ինչպես ծրագրի կարգախոսն է վկայում` «Ավելի ուժեղ միասին…», ասել է թե` քանի դեռ բոլորիս ուժերը մեկտեղված չեն, յուրաքանչյուրս արտակարգ իրավիճակների ժամանակ դառնում ենք որոշակի չափով խոցելի: Հավատացած եմ, որ ծրագրի շրջանակում ձևավորվելիք անհետաձգելի բժշկական օգնության թիմերի ակտիվ ջանքերը կնպաստեն աղետների ռիսկերի հնարավոր կրճատմանը և առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերի բարելավմանը»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, աշխատանքի և առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրիի խոսքով` տարածաշրջանի համար մեկնարկում է մեծ նշանակություն ունեցող նախագիծ:

«Համաճարակն ու բնական աղետների սրումը մեզ ցույց տվեցին, որ մեր օրերում աղետներին դիմակայելու պատրաստվածությունն ավելի ու ավելի է կարևորվում:

Հուսով եմ, որ մեր հայ գործընկերների հետ միասին, միջազգային գործընկերների աջակցությամբ, մենք կկարողանանք ստեղծել արդյունավետ մեխանիզմներ աղետներին համատեղ արձագանքելու համար»,- ասել է Գիորգի Ծոծկոլաուրին:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ՀՀ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, աշխատանքի և առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ