Գլխավոր էջ Գլխավոր Ինֆարկտի նախանշաններով քաղաքացուն բուժօգնություն չե՞ն ցուցաբերել․ Շենգավիթ ԲԿ-ն պաշտոնապես հերքում է

Ինֆարկտի նախանշաններով քաղաքացուն բուժօգնություն չե՞ն ցուցաբերել․ Շենգավիթ ԲԿ-ն պաշտոնապես հերքում է

1022
0

«Ինֆարկտի նախանշաններով, Շենգավիթ ԲԿ-ը, մանկահասակ երեխայի հետ հազիվ հասած ՀՀ քաղաքացուն կենտրոնի աշխատակիցները հրաժարվել են առաջին բուժօգնությունը տրամադրել»․ երեկ, մայիսի 6-ին, իր ֆեյսբուքյան էջում նման գրառում էր արել  իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը։

Medmedia.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ   իր կինը կրծքավանդակի շրջանում սուր ցավեր է ունեցել ու 6-ամյա դստեր հետ գնացել է մոտակայքում գտնվող Շենգավիթ ԲԿ․

« Ես աշխատանքի եմ եղել, կինս շատ վատ է եղել, քրտնել է ու հևոցներ ունեցել։ Որոշել է գնալ Շենգավիթ ԲԿ, քանի որ մեր տանը մոտ է։ Մի կերպ, 6-ամյա աղջկաս հետ մոտեցել է ԲԿ-ի տեղեկատու կամ ընդունարան, այդ պահին այնքան վատ է եղել, որ չի էլ նկատել։ Երկու աղջիկ են եղել, դիմել է նրանց , ասելով, որ շատ վատ է ու խնդրել՝ օգնել իրեն, ուղեկցել սրտաբանական բաժանմունք։ Սակայն ձախ կողմում նստած աղջիկը հրաժարվել է, ասելով, որ  երեխայի հետ նա չի կարող բարձրանալ բաժանմունք։ Կինս խնդրել է երեխային մի քանի րոպեով պահել իրենց մոտ, որպեսզի կարողանա բարձրանալ վերև։ Մերժել են, ասել՝ չի լինի»,-ասաց պարոն Հեքիմյանը, հավելելով, որ կինը չէր կարող երեխային մենակ թողնել, ուստի վատ զգալով ստիպված դուրս է եկել կենտրոնից․

«Քանի որ այդ թաղամասում ենք ապրում, ծանոթներ են եղել ու փորձել օգնել՝ հասնել տուն։ Չեմ հերքում, մի փոքր ուշ հիվանդանոցից ինչ որ աշխատակից դուրս է եկել ու գոռացել՝ վայ կներեք, դուք վատ ե՞ք զգում, բայց կինս արդեն հեռու է եղել։ Ես գտնում եմ, որ սա իրավաչափ չէ, անբարոյական է,  ի՞նչ է նշանակում մարդուն հրաժարվել բժշկական օգնություն ցուցաբերել, ինչ է հետը երեխա կա»,-ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ այդ հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ և ՀՀ ԱՆ։

Medmedia.am-ը կապ հաստատեց նաև Շենգավիթ ԲԿ-ի հանրային կապերի ղեկավար Անուշ Բադալյանի հետ, ով մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց այս լուրը , նշելով որ այն ապատեղեկատվություն է։

«Կինը ինֆարկտի նախանշաններով չի եկել, իրենք եկել էին տեսակցության մեկ այլ հիվանդի։ Մեր պրակտիկայում բացառվում է, որ ինչ որ մեկը մոտենա կենտրոն և մեր աշխատակազմը օգնություն չցուցաբերի։ Համաճարակային իրավիճակով պայմանավորված, հատկապես երեխաների հետ տեսակցություններ չի թույլատրվում։ Շենգավիթ ԲԿ-ում երբեք նման դեպք չի եղել, որ քաղաքացին առաջին բուժօգնություն չստանա, մեզ համար ևս զարմանալի է, որ քաղաքացին պնդում է, որ իրեն օգնություն չեն ցուցաբերել։ Շենգավիթ ԲԿ-ն պաշտոնապես հերքում է տարածված տեղեկատվությունը»,-ասաց Անուշ Բադալյանը, հավելելով, որ երեկ, մայիսի 6-ին, կենտրոնի տեղեկատու է դիմել է մի կին սրտաբանական բաժանմունք տեսակցության նպատակով։

«Տեսակցության մերժումից հետո կինը պատճառաբանել է, որ ինքն է վատ զգում ու պահանջել է, որ սրտաբանական բաժնում իրենց հետազոտեն։ Տեղեկատու բաժնից կապ են հաստատել ընդունարանի վարիչի հետ և գլխավոր բժշկի թույլտվությամբ , կնոջը ընդառաջել են , որպեսզի կազմակերպվի նրա հետազոտությունը սրտաբանական բաժանմունքում ։ Ընդունաիանի վարիչը գլխավոր բժշկի ցուցմամբ շտապ իջել է տեղեկատու, որպեսզի համազվի արդյո՞ք կինը նման ցուցումներ ունի, որպեսզի առաջին բուժօգնությունը ցուցաբերվի, սակայն կինը մերժել է և հեռացել։ Ընդունարանի վարիչը նույնիսկ դուրս է եկել կնոջ հետևից, սակայն նա արդեն հեռացած է եղել։ Ընդհանուր պատկերը սա է։ Միգուցե այդ դեպքի հիման վրա նման զրպարտանք են տարածքում և փորձում կլինիկայի բարի համբավը արատավորել։»,-ասաց մեր զրուցակիցը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ