Գլխավոր էջ Գլխավոր Սխալ եզրակացություն, որ կյանք կարժենա․ Թորոսյանի կնոջ հիվանդանոցում քաղցկեղը չեն տարբերել քովիդից

Սխալ եզրակացություն, որ կյանք կարժենա․ Թորոսյանի կնոջ հիվանդանոցում քաղցկեղը չեն տարբերել քովիդից

2087
0

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կնոջ ԲԿ-ում ՝ «ՄԻԲՍ»-ում, 75-ամյա կնոջը սխալ ախտորոշում տալու հետևանքով հասցրել են մահամերձ վիճակի։

75-ամյա Ադելաիդա Զախարյանի թոռնուհին՝ Ռուզաննան Medmedia.am-ի հետ զրույցում պատմեց, որ նոյեմբերին տատիկին «ՄԻԲՍ»-ում նշանակվել է կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)։ ԿՏ հետազոտություն են արել, սակայն կրծքավանդակի շրջանում զարգացող քաղցկեղը չեն նկատել, այն վերագրելով կորոնավիրուսային հիվանդության։

«Տատիկիս մոտ ձախ կուրծքը 2005թ-ին է վիրահատվել։ 2020թ-ի հոկտեմբերի վերջին տատիկս կոկորդի ցավից էր բողոքում, ջերմում էր, թերապևտը հորդորեց ՀՏ հետազոտության տանենք։ Այդ ընթացքում համ քովիդն էր, համ պատերազմն էր ու ՀՏ անցնելու համար 10-15 օր պետք է մեր հերթին սպասեինք։ Տատիկիս առողջական վիճակը հաշվի առնելով նպատակահարմար գտանք մեր բնակության վայրին մոտ հիվանդանոց  դիմենք, «ՄԻԲՍ»-ն էր մոտ։ Տատիկին հերթագրեցինք»,-ասաց Ռուզաննան ու նշեց, որ մի լավ «փորփրել» է ու պարզել, որ «ՄԻԲՍ»-ը հագեցած է լավագույն տեխնիկայով, լուրջ հիվանդանոց է, արձագանքները դրական էին։

«Նոյեմբերի 11-ին տատիկս հետազոտվում է, եզրակացության մեջ նշվում է, որ կրծքավանդակի հատվածում ամեն բան մաքուր է, բայց թոքերը 30 տոկոս ախտահարված է ու նշում են որպես քովիդային հիվանդություն։ Եզրակացությունը վերցնում գնում ենք թերապևտի մոտ ու նա նշանակում է քովիդային բուժում, տանը տատիկս համապատասխան բուժում է ստանում։ Ապաքինվում է։ Անցնում է 3-4 ամիս, ապրիլի 2-ից տատիկիս մոտ բարձրանում է ջերմություն, կոկորդի ցավ է լինում, թերապևտը հետազոտում է, ասում ՝ անգինա է, նշանակում է հակաբյոտիկներ ու վիտամիններ, բուժումը ստանալու վերջին օրը լավանալու դինամիկա է նկատվում։ Այնուհետև՝ տատիկիս մոտ կրկին ջերմություն է բարձրանում։Առավոտյան զանգում ենք բժշկին, նա ասում է՝ նորից ՀՏ պետք է անցնի, մի բան այստեղ այն չէ, չպետք է բուժվելուց հետո ջերմեր։ Հաջորդ օրը «ՄԻԲՍ» ենք դիմում։ Մի քանի ժամ հետո եզրակացություն ենք ստանում, այն տանում ենք թերապևտի մոտ, բժիշկը կարդում և ասում է, որ «սա իմ մասով չի»,-պատմեց Ռուզաննան։

Պարզվում է՝ տատիկի կրծքավանդակի ոսկորի վրա արդեն գոյացություններ են առաջացել, մետաստազները տարածվել են ու հարկավոր է օնկոլոգի դիմել։

«Հաջորդ օրը մենք դիմում ենք ուռուցքաբանության կենտրոն, որտեղ ժամանակին տատիկս բուժվել է։ Առաջին հարցը որ նեղ-մասնագետը հարցնում է, այն էր, թե վերջին անգամ ե՞րբ ենք ՀՏ արել, պատասխանում ենք՝ նոյեմբերին։ Բժիշկը ասում է՝ բա ինչու՞ շուտ չեք դիմել, սա 4 ամսվա պատմություն չէ։ Բժիշկների հետ նայում ենք  դիսկը, որը մեզ տվել էին «ՄԻԲՍ»-ում դեռևս նոյեմբերին։ Պարզվում է՝ այդ դիսկում ևս ուռուցքը երևացել է ու բժիշկը ասում է, եթե նոյեմբերին դիմեինք հնարավոր կլիներ կանխել այն, հիվանդությունը սկսվել է թևատակից ու հասել է ոսկորներին»,-նշեց թոռնուհին։

Ապրիլի 20-ի ՀՏ-ից հետո ախտորոշվում է կրծքավանդակի քաղցկեղ՝ մետաստազներով։ Տարածման ակտիվ ընթացքի մեջ։ Հիվանդությունը տարածվում է ոսկորների վրա։

«Հիվանդության այդ փուլում ու տատիկիս տարիքը հաշվի առնելով քիմիոթերապիա չեն նշանակում։ Հիմա նա ստանում է հորմոնային դեղային բուժում։ Վիճակը լավ չէ, 4 ժամվա մեջ տատիկի վիճակը կտրուկ վատացավ, հիմա անկողնային է։ Այս պահին տատիկս պետք է դեղ ստանա հիվանդանոցում, փաստի առաջ ենք կանգնած, նույնիսկ բուժում կազմակերպելը բնժիշկները մեր հայեցողությանն են թողնում»։

Ռուզաննան, երբ տեղեկացել է, որ հիվանդությունը առկա է եղել նոյեմբերին ու դիսկի վրա այն պարզ երևում է, գնացել է «ՄԻԲՍ» կենտրոն, եզրակացությունը տված է լինում  ռադիոլոգիայի բաժնի վարիչ՝ Կալինա Կիրակոսյանը։

«Ես ձայնագրություն ունեմ, որտեղ ինքը հերքում է, հետո ասում եմ, որ ով է ներկայում տատիկիս բուժում ու ո՞ վ է ասել, որ տատկիս մոտ նոյեմբերից խնդիրը կար, տալիս է հետևյալ պատասխանը, «Միգուցե իմ սխալը այն էր, որ հավելյալ հետազոտություն չեմ նշանակել, գիտե՞ք ինչ, քովիդային գժանոց էր, օրական 50 հոգու եզրակացություն եմ տվել, քովիդ եմ տեսել, քովիդ եմ գրել»։ Ասում է՝ քանի որ ես ենթադրեցի, որ ձախ կուրծքը վիրահատված է, արդեն դուք դիմում եք համապատասխան բժիշկների։ Շատ անլուրջ պատասխաններ էր տալիս։ Տատիկս 75 տարեկան է, երևի մտածել են մեծ է, արագ-արագ գրել են մի բան, զուտ գրելու համար։ Սա տեխնիկապես հագեցած հիվանդանոց է և եթե գրված է կրծքավանդակի ՀՏ, ամենաչնչին մանրուքն էլ, որ տեսնում են, պարտավոր են գրել։ Պատկերացնու՞մ եք, ռադիոլոգիայի բաժնի վարիչն է նա ու գումար ես վճարում, ճառագայթվում ես, բայց արի ու տես՝ դիսկը պետք է տարբեր մասնագետների էլ ցույց տաս, որ հասկանաս՝ ինչ է երևում։ Ու ես մտածում եմ, այս մարդը քանի՞ մարդու ճակատագիր է խառնելու իրար, դա փաստացի ճակատագրական սխալ է»,-ասաց մեր զրուցակիցը։

Զրուցեց՝ Ս․ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ