Գլխավոր էջ Նորություններ Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող են հուշել եղունգները

Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող են հուշել եղունգները

218
0

Եղունգների գույնի ու կառուցվածքի փոփոխությունը կարող է հուշել առողջական մի շարք լուրջ խնդիրների մասին։ Այս մասին «Звезда» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է բ․գ․թ․, բժիշկ Քրիստինա Բորոդուլինան։

Մասնագետի խոսքով՝ բուժզննման ընթացքում բժիշկներն ուշադրություն են դարձնում եղունգների ոչ միայն գույնին, այլև թափանցիկությանը, ձևին, մակերևույթին, կառուցվածքին, ինչպես նաև մաշկին միացման հատվածում դրանց ամրությանը։

«Եթե եղունգն ունի սպիտակ կամ անփայլ ապակու գույն, ապա հիվանդի մոտ կարող է լյարդի ցիռոզ ախտորոշվել։ Եղունգի կապտավուն երանգը հաճախ խոսում է Վիլսոնի հիվանդության մասին։ Դեղին երանգ է նկատվում դեղնուկի կամ ավշի շրջանառության խանգարումների դեպքում», – նշել է մասնագետը։

Բացի այդ, չի կարելի անուշադրության մատնել նաև եղունգի մուգ շագանակագույն երանգը, քանի որ այն կարող է պայմանավորված լինել ինչպես ռենտգենյան ճառագայթմամբ, այնպես էլ Ադիսոնի հիվանդությամբ։ Սև եղունգը, իր հերթին, հուշում է դիաբետիկ փտախտի (գանգրենա) կամ զարկերակի թրոմբոզի մասին։

«Հիպերվիտամինոզի դեպքում նկատվում է եղունգի փխրունություն ու խամրածություն», – հավելել է Բորոդուլինան՝ նշելով նաև, որ նմանատիպ գործընթացներ կարող են նկատվել նաև սննդակարգի խանգարումների ու սպիտակուցի պակասի դեպքում։

Բացի այդ, մասնագետը նաև շեշտել է, որ բուժզննման ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել նաև եղունգներին կից մաշկին, քանի որ այն ևս կարող է հուշել առողջական որոշակի խնդիրների մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ