Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ըմպելիքներն են բացասաբար ազդում աղիների վրա

Ո՞ր ըմպելիքներն են բացասաբար ազդում աղիների վրա

189
0

Մարսողական համակարգի առողջությունը որոշիչ դեր է խաղում ամբողջ օրգանիզմի առողջության պահպանման հարցում, քանի որ հենց այս համակարգի շնորհիվ է օրգանիզմն ստանում անհրաժեշտ սննդարար նյութերն ու ազատվում վնասակար տարրերից։ Բացի այդ, աղիները սերտորեն կապված են մարդու իմունային համակարգի հետ, ուստի աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները խիստ բացասաբար են անդրադառնում նաև մարդու դիմադրողականության վրա։

Առողջական լուրջ խնդիրներից ու իմունային համակարգի թուլացումից խուսափելու համար հարկավոր է հոգ տանել աղիների մասին, սակայն խնդիրն այն է, որ աղիների ու առհասարակ ամբողջ մարսողական համակարգի առողջության պահպանման համար հարկավոր է առաջին հերթին խիստ վերահսկողության տակ պահել սննդակարգն ու օգտագործել բացառապես օգտակար սննդամթերք ու ըմպելիքներ, ինչը, սակայն, մարդիկ հազվադեպ են անում։

Ավելին՝ շատ հաճախ մարդիկ կիրառում են որոշակի մթերք ու ըմպելիքներ, որոնք կործանարար ազդեցություն են ունենում աղիների վրա՝ հանգեցնելով առողջական մի շարք խնդիրների զարգացման։ Սննդաբան Լորեն Հարիս-Պինկուսը ներկայացրել է այդ ըմպելիքներից ամենավնասակարները, որոնցից հարկավոր է խուսափել աղիների առողջությունը պահպանելու համար։

Էներգետիկ ըմպելիքներ

Նման ըմպելիքները հաճախ են կիրառվում առույգացման ու էներգիայի մակարդակի բարձրացման համար, սակայն սննդաբանը նախազգուշացնում է, որ դրանք կարող են խիստ վնասակար լինել։ Բանն այն է, որ դրանք հարուստ են կոֆեինով, որի չարաշահումը կարող է հանգեցնել գաստրիտի զարգացման, բորբոքման, աղիների պերիստալտիկայի արագացման ու փորլուծության։ Բացի այդ, կոֆեինի չարաշահումը հանգեցնում է նաև ստամոքսաթթվի առատ արտազատման, ինչն էլ կարող է դառնալ ստամոքսի այրոցի պատճառ՝ հանգեցնելով տհաճ զգացողությունների առաջացման։

Գազավորված քաղցր ըմպելիքներ

Արդեն իսկ առկա աղիքային խնդիրների դեպքում սննդակարգից գազավորված քաղցր ըմպելիքների բացառումը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, քանի որ դրանում պարունակվում է հսկայական քանակությամբ ռաֆինացված շաքար, որը խիստ վնասակար է աղիների համար։ Շաքարը վատ է կլանվում աղիներում, ինչը հանգեցնում է աղեստամոքսային տրակտի բորբոքումներ։ Նման խնդիրների դեմ պայքարի համար օրգանիզմն ավելի շատ ջուր կուղղի դեպի աղիներ, ինչն էլ բարձրացնում է փորլուծության հավանականությունը։

Ալկոհոլային ըմպելիքներ

Ալկոհոլային ըմպելիքների կանոնավոր գործածությունը բացասաբար է անդրադառնում աղիների միկրոբիոմի վրա։ Այս ըմպելիքների ազդեցության հետևանքով աղիներում օգտակար բակտերիաների քանակությունը նվազում է, իսկ վնասակար բակտերիաների քանակությունը՝ աճում, մինչդեռ նման դիսբալանսը կարող է դառնալ բորբոքումների զարգացման պատճառ։ Բացի այդ, ալկոհոլի քրոնիկ չարաշահումը կարող է վնասել աղիների բջիջները՝ բարձրացնելով աղիների անցանելիությունն ու թույլ տալով բակտերիաներին ու դրանց արտազատած տոքսիններին հեշտությամբ հայտնվել արյան մեջ։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ