Գլխավոր էջ Նորություններ Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող են հուշել ոտքերի այտուցները

Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող են հուշել ոտքերի այտուցները

263
0

Ոտքերի այտուցները սովորաբար ասոցացվում են մեծ քանակությամբ հեղուկի օգտագործման, ոտքերի գերծանրաբեռնվածության կամ նստակյաց կենսակերպի հետ, սակայն քչերին է հայտնի, որ որոշ դեպքերում այտուցները կարող են հուշել նաև առողջական որոշակի խնդիրների մասին, որոնք չի կարելի անտեսել։

Մասնագետների խոսքով՝ որոշակի տհաճ ախտանշաններով ուղեկցվող այտուցները ոչ մի դեպքում չպետք է անտեսվեն, քանի որ դրանք կարող են լինել բավական լուրջ հիվանդությունների ախտանշան։ Նման այտուցները ժամանակին նկատելն ու միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս հնարավորինս շուտ ախտորոշել հիմնական հիվանդությունն ու խուսափել հետագա բարդություններից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական գործոնները, որոնք կարող են դառնալ ոտքերի այտուցների պատճառ։

Որոշակի դեղորայքի ընդունում

Գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք կարող են դառնալ կողմնակի բարդությունների, այդ թվում նաև ոտքերի այտուցների զարգացման պատճառ, ուստի եթե այտուցներն ի հայտ են գալիս դեղորայքի ընդունման ֆոնին, ապա հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Նման դեպքերում խնդրի լուծում կարող է դառնալ դեղամիջոցի կամ դրա չափաբաժնի փոփոխությունը, ինչը կարելի է անել մասնագետի հետ խորհրդակցելուց հետո։

Բարդություններ հղիության ընթացքում

Հղիությունը հաճախ է ուղեկցվում այտուցներով, ուստի շատ դեպքերում կանայք ուշադրություն չեն դարձնում դրանց, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այտուցի անսպասելի ի հայտ գալու կամ նորմայից ակնհայտ լինելու դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին։ Հատկապես վտանգավոր են որովայնի ցավով, գլխացավով կամ այլ ախտանշաններով ուղեկցվող այտուցները, որոնք կարող են հուշել պրեէկլամպսիայի զարգացման բարձր վտանգի մասին։

Ջլերի վնասվածքներ

Քայլելիս, վազելիս կամ մարզվելիս ստացած վնասվածքները ևս կարող են դառնալ այտուցի պատճառ։ Նման դեպքերում ոտնաթաթը կայուն իր տեղում պահող ջլերը ձգվում են ու դուրս են գալիս իրենց սահմաններից, ինչի հետևանքով ոտքն այտուցվում է։

Երակային անբավարարություն

Ոտքերի այտուցները հաճախ լինում են երակային անբավարարության մասին հուշող առաջին ախտանշանը։ Այս հիվանդության դեպքում արյունը ոտքերից դեպի սրտամկանը ձգվող երակներով ճիշտ չի հոսում, ինչը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի խնդիրը չի կարելի անտեսել։

Թրոմբների առկայություն

Ոտքերի երակներում առաջացող արյան մակարդուկները բավական վտանգավոր խնդիր են, որոնք կարող են խանգարել ոտքերից դեպ սրտամկանը հոսող արյան շրջանառությունը՝ հանգեցնելով ոտքերի այտուցների։ Եթե այտուցներն ուղեկցվում են մաշկի գույնի փոփոխությամբ կամ սաստիկ ցավով, ապա հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել։

Սրտի, լյարդի կամ երիկամների հիվանդություններ

Երեկոյան ժամերին ի հայտ եկող այտուցները կարող են պայմանավորված լինել օրգանիզմում աղի ու ջրի կուտակմամբ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է լինում սրտային անբավարարությամբ։ Բացի այդ, այտուցված ոտքերը կարող են հուշել նաև երիկամների կամ լյարդի աշխատանքի խանգարման մասին։ Եթե այտուցներն ուղեկցվում են հոգնածությամբ, ախորժակի կորստով կամ քաշի ավելացմամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ