Գլխավոր էջ Գլխավոր «ԼԱՎ Է ՄԵՌՆԵՄ»․ Հայաստանում սրտի ստենդավորման գները՝ ինֆարկտի պատճառ

«ԼԱՎ Է ՄԵՌՆԵՄ»․ Հայաստանում սրտի ստենդավորման գները՝ ինֆարկտի պատճառ

8679
0

Հայաստանում սրտի վիրահատությունը շարունակում է մնալ «թանկ հաճույք»։ Հատկապես սրտի ստենդավորման գները այնքան բարձր են, որ հասանելի են ոչ բոլորին։

Medmedia.am-ի հետ զրույցում 58-ամյա Էդուարդը նշեց, որ պատրաստվում է չորրորդ ստենդավորմանը, ունի հաշմանդամության երրորդ կարգ, բայց վիրահատության համար կրկին 900 հազար դրամ է հարկավոր․

« Առաջին անգամ ինձ հիվանդանոց տարան շտապ օգնության մեքենայով ու ստենդավորվեցի անվճար, երկրորդ անգամ Էրեբունի հիվանդանոցում վիրահատվեցի 900 հազար դրամով, իսկ ահա երրորդ անգամ Բեսթլայֆ հիվանդանոցում վիրահատվեցի 800 հազար դրամով՝ վարկով։ Հիմա լիովին չեմ ապաքինվել, պետք է չորրորդ անգամ ստենդավորվեմ ու հարկավոր է 900 հազար դրամ, նշեմ որ երրորդ վիրահատության վարկը դեռ չեմ մարել։ Ունեմ հաշմանդամության երրորդ կարգ, բայց չունեմ մի փոքր մատչելի վիրահատվելու առավելություն»,-ասաց մեր զրուցակիցը։

Սա արդիական խնդիր է, որին բախվում են հիմնականում տղամարդիկ, որովհետև մեր երկրում այս վիրահատությանը տոկոսային առումով, ավելի շատ դիմում են հենց նրանք։ Ի դեպ՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թ-ի տարեկան զեկույցում այս խնդրին ևս անդրադարձ կա։

«Բողոքներից մեկով դիմողը տեղեկացրել է, որ հոր սրտի կորոնար անոթի ստենտավորումը չի իրականացվել պետական պատվերի՝ սրտի անհետաձգելի վիրահատական (stent for life) ծառայության շրջանակում, չնայած որ ախտորոշվել է ՁՓ-ի սրտամկանի ST սեգմենտի էլևացիայով ստորին պատի սուր ինֆարկտ: Խնդրի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունից Պաշտպանին ներկայացված տեղեկության համաձայն՝ պացիենտի մոտ ճիշտ է ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ ST սեգմենտի էլեվացիայով, սակայն ST սեգմենտի էլեվացիան եղել է 1.0 — 1.5 մմ III AVF –ում, ST սեգմենտի դեպրեսիա I AVL-ում: Ստացվում է, որ բուժօգնությունը չէր կարող իրականացվել պետական պատվերի շրջանակում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի N 1666-Ա հրամանի համաձայն՝ լաբորատոր գործիքային հետազոտության ցուցանիշը պետք է լինի հետևյալը՝ էլեկտրասրտագրի վրա ST սեգմենտի ավելի քան 1մմ էլեվացիա երկու և ավելի արտածումներում, ընդ որում` մինչև 40 տարեկան տղամարդկանց մոտ V2 – V3 արտածումներում ST– էլեվացիա > 2.5մմ, 40–ից բարձր տղամարդկանց մոտ V2–V3 արտածումներում ST– էլեվացիա > 2 մմ: Բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սրտի անհետաձգելի վիրահատություն իրականացնելու լաբորատոր-գործիքային ցուցանիշների նշաձողը բարձր է դրված. պետականպատվերի շրջանակում ստենտավորումն իրականացվում է մարդու առողջական ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու դեպքում: Սա էլ հանգեցնում է բողոքների»,-նշված է զեկույցում:

Արդյո՞ք հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները կարող են անվճար վիրահատվել, 2021 թ-ին որեվէ փոփոխություն այս մասով նախատեսվա՞ծ է․

Medmedia.am-ի այս հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունից հայտնեցին․

ՀԱՐՑ-2021թ-ին հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողները անցած տարվա համեմատ, բուժծառայություններից օգտվելու ի՞նչ առավելություններ կունենան(օրինակ՝ սրտի անվճար ստենդավորում կամ այլ վիրահատություններ)․

«2021թ-ին 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալն ընդգրկում է հիվանդանոցային ծառայությունների հիմնական փաթեթը՝ առանց նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով կատարվող վիրահատական միջամտությունների։ Ներկայումս փոփոխություն չի նախատեսվում»,-նշված է պատասխանում։

ՄԻՊ-ը ևս այս մասով հարցում  է ուղարկել նախարարություն և ստացել պատասխան․

« 2020 թվականի ընթացքում սիրտ-անոթային վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակն ընդլայնելու կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հետևյալը. Դեռևս 2019 թվականից Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ սիրտանոթային վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններից անվճար պայմաններով օգտվում են թվով 15 խումբ շահառուներ: Իսկ 2020 թվականի մայիսից, համաձայն Կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ կատարված փոփոխության (N 2 հավելվածի 2-րդ կետ), նշված ծառայությունների մասով անվճար պայմաններով բուժօգնություն ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է: Անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու իրավունք չունեցող եվ սիրտ-անոթային վիրաբուժական բժշկական օգնության եվ սպասարկման ծառայության արժեքի վճարման հնարավորություն չունեցող անձանց համար բժշկական օգնությունը եվ սպասարկումը պետական պատվերի շրջանակներում կանոնակարգված է Առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 57-Ն հրամանով: Վկայակոչված հրամանի համաձայն՝ ուղեգրումն իրականացվում է ինչպես ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված եվ պետական պատվեր տեղադրված բժշկական կազմակերպությունների կողմից` այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի մասնագիտական եզրակացության հիման վրա՝ պետության մասնակցության մասով: Այստեղ էլ խնդիրն այն է, որ պացիենտի դիմելու դեպքում պետության մասնակցությունը մասամբ է լինում, որի պատճառով էլ բուժօգնությունից հրաժարման դեպքեր են արձանագրվում»,-նշված է եղել նախարարության պատասխանում:

Ըստ՝ ՄԻՊ-ի 2020թ-ի զեկույցի անհրաժեշտ է՝

  1. Իրականացնել սիրտ-անոթային վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի շարունակական ընդլայնում
  2. կատարել կորոնար անոթի ստենտավորումը պետական պատվերի՝ սրտի անհետաձգելի վիրահատական (stent for life) ծառայության շրջանակում իրականացնելու լաբորատոր-գործիքային ցուցանիշների մեղմացում:

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ