Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր սննդամթերքներն են օգնում իջեցնել զարկերակային բարձր ճնշումը

Ո՞ր սննդամթերքներն են օգնում իջեցնել զարկերակային բարձր ճնշումը

327
0

Զարկերակային բարձր ճնշումը շատ տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ առողջական վիճակի վրա ու բարձրացնել մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև սրտի նոպաների, գլխուղեղի կաթվածի, անոթալայնանքի, կոգնիտիվ գործառույթների թուլացման ու երիկամային անբավարարության զարգացման հավանականությունը։

Այս հիվանդության դեպքում մասնագետները որպես կանոն նշանակում են զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցներ, սակայն դրանք կարող են հանգեցնել մի շարք կողմնակի բարդությունների, ուստի նման տհաճ բարդություններից խուսափելու համար մինչ դեղորայք կիրառելը կարելի է փորձել որոշակի փոփոխություններ անել կենսակերպում ու կարգավորել զարկերակային ճնշումը բնական ճանապարհով։

Հետազոտությունները վաղուց ցույց են տվել, որ կանաչ կամ սև թեյերի գործածությունը կարող է նվազեցնել զարկերակային ճնշումը, սակայն այս ըմպելիքները միակը չեն, որ օժտված են նման օգտակար հատկություններով։ Մասնագետները ներկայացրել են ևս չորս հասանելի մթերք, որոնք սննդակարգում ներառելը կօգնի հեշտությամբ կարգավորել զարկերակային ճնշումը։

Թուրինջ

Ցիտրուսային մրգերի, այդ թվում նաև թուրինջի գործածությունը, շատ օգտակար է սրտամկանի ու սրտանոթային համակարգի համար։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թուրինջն օժտված է սիստոլիկ ու դիաստոլիկ ճնշումը նվազեցնելու հատկություններով, ուստի շատ օգտակար է զարկերակային գերճնշումով հիվանդների համար։ Բացի այդ, այս միրգը նաև վիտամին C-ի, պեկտինի ու հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է։ Ավելին՝ թուրինջի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, որոնք արգելակում են ալֆա-գլյուկոզիդազի աշխատանքն ու օգնում են պայքարել զարկերակային գերճնշման դեմ։

Նռան հյութ

Այս հյութն օժտված է հակահիպերտենզիվ, հակասկլերոտիկ և հակաօքսիդանտային հատկություններով, ուստի շատ օգտակար է օրգանիզմի համար։ Այն օգնում է կանխել զարկերակային գերճնշումը շաքարային դիաբետով հիվանդների մոտ քանի որ ճնշում է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտը։ Այս հյութն օժտված է արտահայտված հակահիպերտենզիվ ազդեցությամբ, որը ստանալու համար հարկավոր է օրական 50-200 մլ հյութ օգտագործել։

Բանան

Զարկերակային գերճնշման բուժման հարցում շատ մեծ դեր է խաղում կալիումը, իսկ այս տարրով հարուստ սննդամթերի տեսակներից մեկն է բանանը։ Ամերիկացի սրտաբանները ենթադրում են, որ կալիումը նվազեցնում է արյունատար անոթների պատերի լարվածությունը՝ չեզոքացնելով նատրիումի վնասակար ազդեցությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս օրական օգտագործել 4700 մգ կալիում, իսկ մեկ միջին չափի բանանում այս տարրի քանակությունը հասնում է մոտ 422 մգ-ի։

Սխտոր

Հակահիպերտենզիվ հատկություններով օժտված է նաև սխտորը, ուստի այն ևս կարող է շատ օգտակար լինել զարկերակային գերճնշման դեմ պայքարում։ Այս բանջարեղենը պարունակում է ալիցին՝ ծծումբային միացություն, որն էլ պատասխանատու է մթերքի՝ զարկերակային ճնշումը նվազեցնելու հատկության համար։ Ավելին՝ որոշ հետազոտություններ անգամ ցույց են տվել, որ սխտորով հավելումները նույնքան արդյունավետ են զարկերակային գերճնշման դեմ, որքան տարածված դեղամիջոցները։

Նյութի աղբյուրը՝ The Health Site

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ