Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ Արսեն Թորոսյանին ծառայողական քննության չեն ենթարկում

Ինչու՞ Արսեն Թորոսյանին ծառայողական քննության չեն ենթարկում

1175
0

Ես սահմանը փակելու թեզը վաղուց եմ առաջարկել, սակայն այն ժամանակ իշխանություններն ականջալուր չեղան։ Փոխարենը՝ սկսեցին մեղադրանքներ հնչեցնել այս կամ այն մարդկանց հասցեին, թե, իբր, խուճապ են տարածում։ Արդյունքում՝ եզրահանգեցին փաստին, որ ես ճիշտ էի, առողջապահության նախարարությունն ու կառավարությունը՝ սխալ։ Եթե պիտի փակվեր սահմանը, որի հետևանքով, միևնույն է, կրելու ենք տնտեսական վնաս, պետք է ավելի շուտ արվեր, որ ռիսկային գոտում չհայտնվեինք։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման խնդրին, վարչապետի հայտարարությանն ու առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներին։

Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմանի փակումն ունի 2 կողմ․ մի կողմից՝ էֆեկտիվ մեթոդ է վիրուսի ներթափանցումը կանխելու համար, մյուս կողմից՝ Իրանի հետ սահմանը փակելով, սակայն 50 եվրոյանոց Իտալիայի չվերթներ իրականացնելով, որտեղ մեծ թվով վարակվածներ կան, կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ չի բացառվում․ «Այս խնդրի շուրջ միմյանց վրա սկսեցին ինքնահաստատվել իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաները։ Ազգի վերլուծող մասն առաջարկում է փակել սահմանները, սակայն, օրինակ, պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ծաղրական գրառում է կատարում, թե «խուճապ տարածողները հաջորդ կյանքում կծնվեն կորոնավիրուսի հարուցիչ»։ Դրանից առաջ՝ ծաղրական գրառումով հանդես եկավ նաև Առողջապահության նախարարը, թե՝ «ազգ էպիդեմիոլոգ»։ Երեկ առավոտյան նախարարի ուղիղ եթերից պատկերացում ենք կազմում, որ նա մասնագիտությանը չի տիրապետում և փորձում էր արդարացնել իրավիճակը, որ սահմանը չպետք է փակել։ Այդ մասին են վկայում նաև նախարարի քարոզիչ արբանյակներից ոմանց գրառումները, որ վիրուսից վախենալ պետք չէ։ Սրանից մի քանի ժամ անց վարչապետը հայտարարեց Իրանի հետ սահմանի փակման մասին։ Ստացվում է՝ նախարարն ու պատգամավորը փորձում են ինչ-որ կշիռ հավաքել վարչապետի մոտ, որ սատարում են՝ սահմանը չփակվի, բայց, փաստորեն, վարչապետը նրանց ստորացնելով, նրանց խոսքի կշիռը ոտնահարելով՝ ցույց տվեց, որ երկրում միակ որոշող անձը ինքն է։ Բա պարո՛ն վարչապետ, լսի՛ր քո նշանակած նախարարին, բա պարո՛ն նախարար, եթե փակվելու է, ինչո՞ւ ես քարոզում, թե դա էֆեկտիվ մեթոդ չէ, բա ասա վարչապետին, բա պարոն Ենգիբարյան, վե՛ր կաց վարչապետին ասա, որ ինքն անպատասխանատու է»,- ասաց նա՝ նշելով, որ հարցը երեսպաշտության ու կեղծավորության մեջ է և մեր բնակչության գլխին կախված վտանգի պարագայում՝ պաշտոնյաները փորձում են միմյանց վրա դիվիդենտներ հավաքել։

Գրիգորյանը նշեց, որ կորոնավիրուսի ցանկացած դեպքի համար անմիջական պատասխանատվություն է կրելու թե՛ վարչապետը, թե՛ նախարարը․ «Պաշտոն խաղացողները առողջապահության ոլորտին քաղաքական կշիռ չեն տալիս, սակայն սա այն ոլորտն է, որը մեր ազգային անվտանգության հարցն է ոչ պակաս, քան Պաշտպանության նախարարության և կրթության հարցը։ Մենք ունենք ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր, սակայն ԱԱԾ-ն, դեռևս, լուռ է։ Ինչո՞ւ առողջապահության նախարարին ծառայողական քննության չեն ենթարկում չէ՞ որ ասում էր՝ սահման փակելը էֆեկտիվ գործիք չէ»,-նշեց «Կոնսիլիում» ՀԿ նախագահը։

Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ առողջապահությունը ոչ թե ներկայիս ղեկավարության, այլ գրագետ ղեկավարության և ոլորտային աշխատողների ջանքերով հնարավորություն ունի դիմակայելու կորոնավիրուսին․ «Ես կոչ եմ անում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտի գործիչներին, որպեսզի այս խնդրից բերանի ծամոն չսարքեն և չարծարծեն հարցեր, որոնց մասին տեղեկություն չունեն։ Բացի այն, որ վարչապետը ավարտուն կրթություն չունի, այլ նաև առողջապահական ոլորտի կրթություն չունի, այս դեպքում կոմպետենտ չէ դիրքորոշում հայտնելը, ինչպես նաև շատուշատ  պատգամավորներ, և այդ գործառույթը պետք է վերապահվի առողջապահության նախարարությանը, որի ղեկավարին, երեկվա դրությամբ, սարքեցին պոլի շոր։ Եթե սահմանը պիտի փակվեր, դրա մասին պետք է հայտարարեր առողջապահության նախարարը, ինչը ցույց է տալիս, որ գործող իշխանական թիմը նույնիսկ թիմային մտածելակերպ չունի»,- նշեց նա։

Նշենք, որ Իրանում արդեն հիվանդության զոհ է դարձել առնվազն 12 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանի սահմաններից դուրս: Ավելանում է նաև նոր հիվանդների թիվը. այս պահին Իրանի հիվանդանոցներում բուժվում է կորոնավիրուսով վարակված ավելի քան 4 տասնյակ մարդ: Ընդ որում, ակնկալվում է, որ այս ցուցանիշն առաջիկայում կարող է ավելանալ, քանի որ 785 մարդ գտնվում է կարանտինի մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ