Գլխավոր էջ Գլխավոր « ՉԱՄՓՈՓՎԱԾ ԱՃՅՈՒՆՆԵՐ»․ կան մասունքներ, որոնք այդպես էլ չեն ճանաչվի․․․

« ՉԱՄՓՈՓՎԱԾ ԱՃՅՈՒՆՆԵՐ»․ կան մասունքներ, որոնք այդպես էլ չեն ճանաչվի․․․

629
0

Պատերազմն ավարտվեց, բայց դրա դառը հետևանքները «օդում կախված են»։ Պատերազմի մասնակիցների ծնողները սպասում են փորձանմուշների պատասխաններին։ Նման իրավիճակում հասկանալի է, պետության բեռը ծանր է, իսկ ԴՆԹ հետազոտությունների գործընթացը՝ երկարատև։ Սակայն այս ամենում կան հակասական հանգամանքներ։

Հիմնական հարցը, որը մարդկանց հետաքրքրում է, այն է, թե ի վերջո քանի՞ զոհ ունեցավ հայկական կողմը, քանիսի՞ն են հողին հանձնել ու․․․քանիսն են դեռևս «Սպայկայի» բեռնատարների կցորդներում․․․

Մարտի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արագածոտնի մարզ այցի ժամանակ նշեց, թե պատերազմում զոհվածների պաշտոնապես հաստատված թիվը 3 250 է, ևս 189 ծնող, ընտանիք ԴՆԹ նմուշ են հանձնել եւ սպասում են պատասխանի: Իսկ ահա Հայաստանի առողջապահության նախարարությունը փետրվարին հայտարարել էր, որ փետրվարի 13-ի դրությամբ հայկական կողմի արձանագրած (դատաբժշկական փորձաքննության ենթարկված) զոհերի թիվը արդեն 3577 է, իսկ 428 աճյունից վերցված փորձանմուշները ԴՆԹ փորձաքննություն են անցնում:

Ի դեպ, դեռ հունվարի 20-ին Ազգային Ժողովում, Փաշինյանի ներկայությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ ունենք 3439 զոհի աճյուն, իսկ հունվարից մինչ օրս՝ 2 ամսում ամեն օր որոնողական աշխատանքների արդյունքում նորանոր աճյուններ են հայտնաբերվում:

Մարտի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով «Սպայկա» ընկերության բեռնատարներում պահվող աճյուններին, նշել էր, թե  դրանք «Սպայկայի սառնարանները չեն․

«Դա «Սպայկայի» սառնարանը չէ, Մեծամորում, այո, ունենք մեր դիահերձարանը, և պահպանվում են դիակները էնտեղ։Դրանք այլ ընկերության մեքենա չեն, դա Մեծամորին է պատկանում»։

Նշենք, որ մի քանի օր առաջ «Սպայկա» ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում անդրադարձել էր այս արդիական հարցին, հաղորդագրության մեջ մասնավորապես նշված էր․

«Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական կարիքների լուծման համար»:

Medmedia.am-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ և փորձեց հասկանալ, «Սպայկայի» բեռնատարներում գտնվող մարմինները նո՞ր պետք է փորձաքննության ենթարկվեն․

« «Սպայկա»-ում գտնվող մարմինները եվ մասունքները բոլորն ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության, արդեն իսկ դատաբժշկական փորձաքննության ենթարկված են ու գենետիկական քորձաքննության համար նմուշառված են»,-պատասխանեց Խաչատրյանը։

Հարցին, թե՞ այս պահին սպասում են պատասխանների՞ն, մեր զրուցակիցը նշեց․

« Կան, որ պատասխանների են սպասում, կան որ մասունքներ են, սպասում են նույնականացումները լինեն և միանգամից տանեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ կան  մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են, դրանցից ԴՆԹ անջատելը և փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է:

«Մենք կապի մեջ ենք միջազգային այլ բարձրակարգ ինստիտուտների, նրանց փորձագետների հետ, և հիմա աշխատում ենք մնացած՝ շատ բարդ փորձաքննությունների վրա: Տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք: Կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել, քանի որ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել»,-ասել էր նախարարը:

Ս․ Ասատրյան

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ