Գլխավոր էջ Նորություններ AstraZeneca-ի պատվաստանյութը 79%-ով արդյունավետ է

AstraZeneca-ի պատվաստանյութը 79%-ով արդյունավետ է

417
0

COVID-19-ի դեմ Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca ընկերության կողմից մշակված պատվաստանյութը 79% -ով արդյունավետ է սիմպտոմատիկ հիվանդությունը կանխարգելելու գործում։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ԱՄՆ-ում, Չիլիում և Պերուում անցկացված լայնածավալ փորձարկումները:

Պատվաստանյութը 100% արդյունավետություն է ցույց տվել հիվանդության ծանր կամ կրիտիկական զարգացումների և հոսպիտալացման առումով։ Այն նաև անվտանգ է, հայտարարել է դեղագործական ընկերությունը՝ հրապարակելով բոլոր տարիքային խմբերի ավելի քան 32,000 կամավորների փորձարկումների վերջին փուլի արդյունքները։

AstraZeneca-ն նաև հայտնել է, որ ԱՄՆ-ում կատարվող փորձարկումների ընթացքում անվտանգության հարցերով անկախ հանձնաժողովը հատուկ ուսումնասիրել է արյան թրոմբոզի և գլխուղեղի երակային սինուսի անոթների թրոմբոզի առաջացումը։ Ըստ դեղագործական ընկերության՝ հանձնաժողովը թրոմբոզի առաջացման հավելյալ վտանգ չի հայտնաբերել 21 583 մասնակիցների մոտ, որոնք ստացել են պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ։

Ընկերությունը պատրաստվում է դիմել ԱՄՆ-ի սննդի և դեղամիջոցների վարչությանը՝ պատվաստանյութի գործածումն ԱՄՆ-ում հաստատելու համար։

Հիշեցնենք՝ եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել էին AstraZeneca ընկերության պատվաստանյութի օգտագործումը պատվաստվածներից մի քանիսի մոտ թրոմբոզի առաջացման պատճառով։ Այժմ այդ երկրներից շատերը վերսկսել են տվյալ դեղամիջոցով պատվաստումներն այն բանից հետո, երբ եվրոպական կարգավորող մարմինը հայտարարեց, որ այն անվտանգ է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ