Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են աղիների քաղցկեղի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները

Որո՞նք են աղիների քաղցկեղի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները

222
0

COVID-19-ի համավարակը լուրջ ազդեցություն է ունեցել քաղցկեղի ախտորոշման ու բուժման ցուցանիշների վրա։ Օրինակ՝ վերջին մեկ տարում կոլոնոսկոպիկ հետազոտությունների քանակությունը նվազել է 90%-ով, ինչն անդրադարձել է նաև կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշման դեպքերի թվի վրա։ Այնուամենայնիվ, չնայած հետազոտությունների թվի նվազմանը, այս հիվանդության զարգացման դեպքերի թիվը միայն աճել է։ Ընդ որում՝ նկատվում է հիվանդության «երիտասարդացման» միտում, քանի որ վերջին տարիներին աղիների քաղցկեղն սկսել է շատ ավելի հաճախ ախտորոշվել մինչև 50 տարեկան մարդկանց շրջանում։

Մայո կլինիկայի գաստրոէնտերոլոգ Լիզա Բորդմանի խոսքով՝ համեմատաբար երիտասարդների շրջանում այս հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է 40-49 տարեկանների շրջանում, սակայն զարգացման վաղ փուլերում հիվանդների կեսից ավելին լինում են 40 տարեկանից երիտասարդ։

«Մենք սովոր ենք մտածել աղիների քաղցկեի մասին որպես տարեցների հիվանդության, սակայն ամբողջ աշխարհում կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի աճի հետ մեկտեղ պարզ է դարձել, որ ծերությունից բացի գոյություն ունեն նաև այլ գործոններ, որոնք նպաստում են կոլոռեկտալ քաղցկեղի զարգացմանը», – նշում է մասնագետը՝ բացատրելով, որ հիվանդության նման «երիտասարդացումը» որպես կանոն կապված չի լինում ժառանգական նախատրամադրվածության հետ։

Բժշկի խոսքով՝ երիտասարդ կամ միջին տարիքում հաստ աղիքի քաղցկեղի խնդրին բախված մարդկանց միայն մոտ 20 տոկոսի մոտ են հայտնաբերվել ժառանգական գենետիկ փոփոխություններ, մինչդեռ մեծամասնության մոտ նման փոփոխություններ չեն նկատվել։

«Հնարավոր բացատրությունները կարող են կապված լինել սննդակարգի փոփոխություններով, ճարպակալման ցուցանիշների աճով կամ ֆիզիկական ակտիվության նվազմամբ», – նշում է բժիշկը։

Հիվանդության վաղ ախտորոշման համար մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր բուժզննում անցնել 50 տարեկանից հետո, սակայն որոշ խմբերին ցուցված են ավելի վաղ բուժզննումներ, ինչը պայմանավորված է ռիսկային գործոնների առկայությամբ։ Օրինակ՝ աֆրոամերիկացիների մոտ այս հիվանդության զարգացման վտանգը շատ ավելի բարձր է, ուստի նրանց մասնագետները խորհուրդ են տալիս կանոնավոր բուժզննումներն սկսել 45 տարեկանից։

Քանի որ հիվանդությունն առավել տարածված է 50 տարեկանից բարձր անձանց շրջանում, երիտասարդները հազվադեպ են համապատասխան բուժզննում անցնում, ինչի հետևանքով խնդիրը հաճախ հայտնաբերվում է զարգացման ուշ փուլերում, երբ բարեհաջող բուժման հավանականությունը բավական ցածր է լինում։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հիշել, որ այս հիվանդության մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են որովայնի ցավը, աղիների նորմալ աշխատանքի փոփոխությունները, անբացատրելի քաշի կորուստը, որը պայմանավորված չէ գործադրած ջանքերով, կղանքի մեջ արյան հետքերը կամ կղանքի չափազանց մուգ գույնը։ Նորագոյացության արյունահոսության հետևանքով հիվանդի մոտ կարող է նկատվել նաև արտասովոր հոգնածություն, ինչ ևս չի կարելի անուշադրության մատնել։ Բացի այդ, նման դեպքերում հաճախակի բնույթ է կրում նաև սակավարյունությունը, որը բնորոշվում է հյուսվածքներին թթվածին մատակարարող հեմոգլոբինի մակարդակի նվազմամբ ու ախտորոշվում է արյան հետազոտության միջոցով։

Ոչ պակաս կարևոր է նաև այս հիվանդության զարգացմանը նպաստող ռիսկային գործոններն իմանալն ու դրանցից հնարավորինս խուսափելը։ Մասնագետների խոսքով՝ նման գործոնների շարքին են դասվում ընտանեկան անամնեզում քաղցկեղի այս տեսակի դեպքերի առկայությունը, աղիների բորբոքային հիվանդությունները, շաքարային դիաբետը, մանրաթելերի ցածր պարունակությամբ ու ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը, քաղցկեղի բուժմանն ուղղված ճառագայթային թերապիան ու ժառանգական քաղցկեղային համախտանիշը, ուստի դրանց առկայության դեպքում հարկավոր է շատ ավելի զգոն լինել ու հնարավորության դեպքում բացառել վտանգավոր գործոնը։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ