Գլխավոր էջ Գլխավոր «Մահաբեր» AstraZeneca պատվաստանյութը և Հայաստանի առաջիկա անելիքները

«Մահաբեր» AstraZeneca պատվաստանյութը և Հայաստանի առաջիկա անելիքները

655
0

«AstraZeneca» բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութը, որն ունի համեմատաբար ցածր՝ 70 տոկոս արդյունավետություն շուտով հասանելի կլինի մեր ազգաբնակչությանը։

Մարդկանց մոտ կան բազմաթիվ հարցեր կապված հենց այս պատվաստանյութի կիրառման հետ, քանի որ ըստ շրջանառվող լուրերի, պատվաստվելուց հետո մի քանի հոգու մոտ սրտի կաթված է առաջացել, իսկ ահա երեկ, մարտի 16-ին Շվեդիայի Հանրային առողջության գործակալությունը որոշում է կայացրել կասեցնել AstraZeneca ընկերության կողմից արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառությունը, քանի դեռ Դեղամիջոցների Եվրոպական գործակալությունը չի ավարտել իր հետաքննությունը։

Թաիլանդը նույնպես դադարեցրել է պատվաստանյութի պլանային կիրառումը: Իսկ Հարավային Կորեայում որոշել են տարեց քաղաքացիներին չպատվաստել շվեդա-բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութով: Թաիլանդում հետաձգվել է AstraZeneca-ի դեղամիջոցով վարչապետ Պրայուտ Չան-Օչի եւ կառավարության մի քանի անդամների պատվաստումը:

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ․

Astrazenecan փաստացի ամենաէժան պատվստանյութն է, ինչու՞ է Հայաստանը հենց այս պատվաստանյութը ընտրել

-Ինչպես հայտնի է Հայաստանը մասնակցում է COVAX Facility նախաձեռնությանը և տվյալ պատվաստանյութը առաջարկվել է հենց այդ նախաձեռնության շրջանակներում, կարող ենք ենթադրել, որ այլընտրանքային տարբերակ COVAX-ի կողմից այդ փուլում չի առաջարկվել։

Փաստացի արդեն վեց հոգի մահացել է այդ պատվաստանյութը ստանալուց հետո,ռիսկը մեծ չէ՞ այն հայերի վրա կիրառելու պարագայում։

— «Իրոք, Oxford/AstraZeneca-ի պատվաստանյութերի կիրառման ընթացքում արձանագրվել են, որոշ անսովոր բարդություններ , հիմնականում անոթներում թրոմբերի առաջացման հետ, այդ թվում նաև մահվան ելքով։ Դա հիմք է հանդիսացել մեկ տասնյակից ավել եվրոպական երկրների համար ժամանակավորապես կասեցնել այդ պատվաստանյութերի կիրառումը։ Զուգահեռաբար, ԵՄ համապատասխան կառույցները իրականացնում են ուսումնասիրություն պարզելու, արդյո՞ք տվյալ դեպքերը պատճառահետևանքային կապ ունեն ներարկման հետ թե ոչ։ Սպասենք գիտնականների վերդիկտին։

Հատկապես ռիսկի խմբի մարդկանց համար նորմալ փորձարկում չանցած պատվաստանյութը վտանգավոր չէ՞․

— Ես չէի ասի, որ պատվաստանյութը չի անցել բոլոր անհրաժեշտ փորձարկումները։ Դրանք արվել են, իսկ արդյունքները տպագրվել են հեղինակավոր գիտական հանդեսներում, օրինակ The Lancet-ում։ Միևնույն ժամանակ, այո զանգվածային՝ միլիոնավոր մարդկանց շրջանում, կիրառման ընթացքում առաջացել են որոշ անսպասելի երևույթներ, և արդյունքում կարող է այնպես ստացվել, որ որոշակի փոփոխության ենթարկվի Oxford/AstraZeneca-ի կիրառման ցուցումները, օրինակ՝ զգուշությամբ կիրառվի որոշ խմբերում։

Ո՞ր պատվաստանյութին եք Ձեր նախապատվությունը տալիս։

«Նրան, որը առավել անվտանգ է և արագ հասանելի կլինի մեր բնակչության համար, քանի որ նախորդ տարի, ինչու ոչ նաև այս տարի մենք ունեցանք ու շարունակում ենք ունենալ ցավալի մարդկային կորուստներ նոր կորոնավիրուսի պատճառով և այդ տխուր իրականությանը փոխելու լավագույն միջոցներից է պատվաստումների զանգվածային իրականացումը»,-նշեց մեր զրուցակիցը։

Սյուզի Ասատրյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ