Գլխավոր էջ Օրվա թեման «Մարդիկ չեն ընդունում զավակի կամ ամուսնու կորուստը և մինչ օրս սպասում...

«Մարդիկ չեն ընդունում զավակի կամ ամուսնու կորուստը և մինչ օրս սպասում են նրանց»․ Տաթևիկ Նահապետյան

1364
0

Պատերազմից հետո մարդկանց շրջանում նկատվում է սթրեսային իրավիճակ, մեկն ընտանիքի անդամին է կորցրել, մյուսի հարազատը անհետ կորած է, մյուսն էլ պարզապես տանջվում է մեղքի զգացումից, կան հազարավոր զոհեր, իսկ ինքն ոչնչով չի կարող այս իրավիճակում որևէ մեկին օգտակար լինել։

Мedmedia.am-ը զրուցել է հոգեբան Տաթևիկ Նահապետյանի հետ ու փորձել պարզել, ի՞նչ հոգեվիճակում են գտնվում մարդիկ պատերազմներից հետո և հնարավո՞ր է վերականգնվել ու ինչպե՞ս։

Մեր զրուցակիցը նշեց, որ պատերազմը  սթրեսային իրավիճակներից ամենատրավմատիկն է, ինչպես ֆիզիկական, սոցիալական, այնպես էլ հոգեբանական առումով:

«Իրականում մենք երբեք էլ պատրաստ չենք լինում պատերազմին և հետպատերազմյան համախտանիշը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը անխուսափելի են: Եվ իհարկե պատերազմի ավերիչ հետևանքներից ազատվելու համար բավական երկար ժամանակ է պետք: Ինչպես ցանկացած հոգեբանական տրավմայի հաղթահարում մարդիկ անցնում են տարբեր փուլերով»,-ասաց հոգեբանը ու նշեց, որ սկզբնական ընթացքում շոկային և մերժման փուլն է, երբ լիարժեք չի գիտակցում մարդը, թե ինչ է կատարվում, շատ դեպքերում մերժում է, նշելով, որ չէր կարող նման բան կատարվել:

« Մերժման փուլը հիմնականում բնորոշ է այն ըտանիքներին, ովքեր կորուստ են ունեցել, և ես գիտեմ դեպքեր, որ լիարժեք մինչ օրս չեն ընդունում զավակի կամ ամուսնու կորուստը և մինչ օրս սպասում են: Սա առողջ լավատեսություն չենք կարող ընդունել, ընդհակառակը այն կարող է հանգեցնել հետագայում լուրջ հոգեկան խնդիրների: Փուլերին հաջորդում է ագրեսիվ և առևտրի փուլը, վստահ եմ նկատած կլինեք, թե որքան դյուրագրգիռ և նյարդային են մարդիկ դարձել այս օրերին, ամեն չնչին բանից կարող են ագրեսիվ հակազդում տալ: Հետո սկսում են առևտրի մեջ մտնել իրենք իրենց հետ, կամ Աստծո հետ, նշելով, այ որ այսպես անեմ, հաստատ լավ կլինի, չէ՞: Այնուհետև հաջորդում է դեպրեսիայի փուլը: Կարծում եմ մենք դեռ այդ փուլում ենք: Դեպրեսիվ փուլում ունենում ենք կպչուն մտքեր, տրամադրության կտրուկ տատանումներ, մոտիվացիայի կորուստ, թևաթափ վիճակ, նյարդային գերլարվածություն, դյուրագրգիռ վիճակ: Այս ամենն էլ կարող է զուգորդվել քնի խանգարումներով, տագնապի բարձր և սուր արտահայտվածությամբ, խեղդոց կոկորդում, ցավ կրծքավանդակում և այլն: Այս փուլը հաղթահարելուց հետո, արդեն իսկ կանցնենք ընդունման փուլ: Սակայն, դեռ այս պահին մենք պատրաստ չենք: Չնայած խնդրի համընդհանուր լինելուն, համատարած ցավին հաղթահարման և վերականգնման ժամանակը խիստ անհատական է և կախված է անձնային որակներից»,-ասաց մեր զրուցակիցը:

Ներքաղաքական դաշտն անհանգիստ է, մարդիկ բաժանվել են երկու թևի, հարցին, թե հնարավո՞ր է, որ պատերազմի սթրեսից հետո մարդիկ ավելի փխրուն են ու հեշտ են ենթարկվում այս կամ այն քաղաքական թևին, այսպես ասած ավելի կառավարելի են դառնում, հոգեբանը նշեց:

«Ցանկացած սթրեսային իրավիճակում էլ մարդիկ առավել էմոցիոնալ են, կարիք ունեն ուշադրության, իրենց պահանջների բավարարման այլընտրանքային ձև են փնտրում: Եվ ինչպես օրինակ՝ աղանդներն են իրենց շարքերը առավել հեշտությամբ կարողանում տանել այն մարդկանց ովքեր, որ ունեն հոգեբանական կամ սոցիալական խնդիրներ՝ գրավելով երազանքների իրականացման, ներդաշնակ կյանքի ապահովման, սոցիալական բարեկեցության և այլ խոստումներով, այնպես էլ երբեմն քաղաքական ուժերն են փորձում: Բայց արդեն իսկ այդ պառակտվածությունը հավելյալ սթրես է առաջացնում: Մարդկանց տոլերանտությունը դժվարությունների հանդեպ կորում է: Սակայն հոգեպես առողջ մարդը հենց տարբերվում է որոշումներ ընդունելու կարողությամբ, երբ էմոցիաներից յուրաքանչյուրն իր տեղն ունի, ու եթե անգամ դեպրեսիվ վիճակում է, աշխատում են հոգեբանական մյուս մեխանիզմները, որոնք ապահովում են ինքնուրույն գիտակցական որոշումներ կայացնել, ադեկվատ գնահատել իրավիճակն ու մշակել կոպինգ ստրատեգիաներ՝ թույլ չտալով ռեգրես ապրել և դառնալ կառավարելի»,-նշեց Տաթևիկ Նահապետյանը։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ