Գլխավոր էջ Նորություններ Հնդկաստանի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Հնդկաստանի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

214
0

Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը երեկ երկրի մայրաքաղաքի բանակային հոսպիտալում ստացել է կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, հայտնում է The Times of India-ն:

Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պատվաստման ազգային արշավին մասնակցող բժիշկներին եւ բուժաշխատողներին եւ երկրի քաղաքացիներին կոչ արել պատվաստվել COVID-19-ի դեմ։

Մարտի 1-ին երկրի վարչապետ Նարենդրա Մոդին առաջինն էր դարձել, ով պատվաստվել էր Հնդկաստանում զանգվածային պատվաստման երկրորդ փուլի ժամանակ: Այս փուլում պատվաստվելու իրավունք են ստացել 60-ն անց անձինք (հենց այս պատճառով է պատվաստվել 70-ամյա վարչապետը), ինչպես նաեւ ուղեկցող հիվանդություններ ունեցող 45-ն անց բնակիչները:

Պացիենտներին պատվաստելու թույլտվություն են ստացել նաեւ մասնավոր կլինիկաները, որոնք կարող են պատվաստելու համար վճար պահանջել, բայց դեղաչափի դիմաց 250 ռուպիից ոչ ավելի (մոտ 3,42 դոլար): Ընդ որում՝ պետական կլինիկաները շարունակում են անվճար պատվաստել:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողները իրավունք են ստացել ինքնուրույն ընտրելու բուժհաստատությունը: Ավելի վաղ բոլորին պատվաստվելու էին ուղարկում պետական բժշկական կենտրոններ:

Հնդկաստանում պատվաստումը սկսվել է հունվարի 16-ից: Նախատեսվում էր, որ առաջին փուլում կպատվաստվի մինչեւ 30 մլն մարդ՝ 10 մլն բուժաշխատողներ եւ 20 մլն ռիսկի գոտում գտնվող աշխատողներ (ոստիկաններ, զինծառայողներ, քաղաքացիական պաշտպանության գերատեսչությունների ծառայողներ): Հնսկաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ նախատեսում են մինչեւ ընթացիկ տարվա հուլիս պատվաստել մոտ 300 մլն մարդու: Ներկայումս երկրում պատվաստվել է ավելի քան 14 մլն մարդ:

Այս փուլում պատվաստումները կատարվում են երկու պատվաստանյութով՝ Covishield-ով (բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի մշակած դեղամիջոցի տեղական անվանումն է) եւ հնդկական Bharat Biotech ընկերության Covaxin-ով:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ