Գլխավոր էջ Գլխավոր Մենք ուրախ կլինենք, եթե վերահսկողությունը լինի բավական խիստ. նախարար

Մենք ուրախ կլինենք, եթե վերահսկողությունը լինի բավական խիստ. նախարար

179
0

Մենք ուրախ կլինենք, եթե վերահսկողությունը լինի բավական խիստ եւ դիմակ չկրող մարդիկ կրեն օրենքով նապատեսված պատասխանատվությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երբ վերահսկողության հետ կապված օրինագիծն էր քննարկվում, շրջանառվում էր, որ մարդիկ ինքնակամորեն, ինքնագիտակցաբար պետք է որ դիմակները կրեն, անկախ նրանից, կա վերահսկողություն թե չկա: Հիմա շատ լավ առիթ է դա ապացուցելու քաղաքացիների կողմից: Չեն կիրառվում տուգանքները էն խստությամբ, որը գուցե անհրաժեշտ է, բայց մարդիկ գիտակցելով, տեսնելով իրենց հարազատների վարակված լինելու փաստը, տեսնելով մահեր իրենց շրջապատում, պետք է որ զգոն լինեն: Մեր բոլորի ինքնագիտակցությունը պիտի այնպիսին լինի, որ ինքներս փորձենք պաշտպանել մեզ եւ մեր հարազատներին», — ասաց նախարարը:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ, կատարված թեստերի մեջ դրական պատասխանների թիվը բավական փոքր է: Չնայած վիրուսի տարածման աճի տենդենցը դեռ չի նկատվում, վիրուսի վերարտադրողականության ցուցանիշը 0.55-ից դարձել է 0.98, որը ցույց է տվել աճը:

«Մենք ունենք վարակվածների թիվ, լավացածների թիվ, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Դիմակների կրումը այն կարեւոր միջոցառումներից է, որն օգնում է վարակի տարածելիությունը պահել կառավարելի շրջանակներում»:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 101 առողջացած և 1 մահվան դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ