Գլխավոր էջ Նորություններ Առողջապահությունն առավել քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է․ Ֆրանսիայի դեսպան

Առողջապահությունն առավել քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է․ Ֆրանսիայի դեսպան

383
0

2021 թ.-ի փետրվարի 10-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հյուրընկալեց Santé Arménie (Առողջապահություն Հայաստան) նախաձեռնության մեկնարկային ժողովը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտի, Առողջապահության նախարարի տեղակալ, պարոն Գևորգ Սիմոնյանի, Բժշկական համալսարանի պրոռեկտոր պրն. Գառնիկ Ավետիսյանի, ինչպես նաև այս ծրագրի բոլոր գործընկերների ներկայությամբ: Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։

Դեսպանը ողջունեց «Առողջապահություն Հայաստան» նախաձեռնության մեկնարկը, որի նպատակն է բավարարել առողջապահության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության տարբեր ֆրանսիական դերակատարների, ինչպես նաև նրանց տարբեր մասնագիտությունների գծով հայ գործընկերների միջև համակարգման անհրաժեշտությանը:

Պարոն Ժոնաթան Լաքոտը նշեց, որ առողջապահությունն առավել քան երբևէ հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության առանցքում է և որ այս նախաձեռնությունը, որն իրականացվում է հետպատերազմյան անմիջական համատեքստում, նպատակ ունի հիմք դնելու երկարաժամկետ կառուցվածքային համագործակցության:

«Առողջապահություն Հայաստան» նախաձեռնությունը Ֆրանսիայում միավորում է ավելի քան 250 առողջապահության ոլորտի մասնագետների ՝ ֆրանսիական հայտնի հաստատություններից, ինչպիսիք են Փարիզի, Մարսելի հիվանդանոցները` AP-HP, AP-HM, Լիոնի քաղաքացիական հիվանդանոցները որոնցից մի քանիսը, ինչպես օրինակ Լիոնի Վինատիե հիվանդանոցը, համագործակցության մի քանի նախաձեռնությունների միջոցով արդեն 20 տարուց ավել է ներկա են Հայաստանում:

Հայկական կողմից ծրագրի շահագրգիռ կողմ են Առողջապահության նախարարությունը, Բժշկական համալսարանը, այլ կառույցները, հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները:

ՀԲԸՄ ֆրանսիական գրասենյակի հետ համագործակցությամբ և աջակցությամբ կազմակերպված այս առաջին հանդիպման ավարտին կազմվեց ապագա համագործակցության նպատակների և նախագծերի ճանապարհային քարտեզ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շուտով կազմակերպել երկու երկրների մասնագետների առաջին համագումարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ