Գլխավոր էջ Օրվա թեման Ինչպե՞ս նիհարել ու այլևս ճարպ չկուտակել․ պատասխանում է մասնագետը

Ինչպե՞ս նիհարել ու այլևս ճարպ չկուտակել․ պատասխանում է մասնագետը

2343
0

Այսօր համացանցում շատ են հասանելի նյութերը, որոնք վերաբերում են նիհարելուն ու դիետաներին, բայց բազմիցս լսել ենք, որ դիետաները, որոնք հիմնականում մեկ –երկու շաբաթվա համար են կազմված՝ օգուտ չեն տալիս։

Medmedia.am-ը զրուցել է առողջ ապրելակերպի խորհրդատու Ռուզաննա Գրիգորյանի հետ, պարզելու, թե ինչու՞ են կանայք մեկ կամ երկու ամիս դիետա պահելուց ու քաշը կորցնելուց հետո կրկին գիրանում։ Ինչու՞ են արագ կորցնում քաշը ու կրկին այն վերականգնում և արդյոք հնարավո՞ր է նիհարել դաշտանադադարի ընթացքում։

Ռուզաննան, նախ նշեց, որ նիհարելու պրոցեսը սկսելու պահից ամենակարևորը խորհրդատուի հետ անընդհատ կապի մեջ լինելն է։ Նախ հարկավոր է նպատակը քննարկել, թե հաճախորդը որքա՞ն է ուզում նիհարել։

«Այս հարցում շատ կարևոր է հաճախորդի օրգանիզմի առանձնահատկությունը հաշվի առնել․ հորմոնալ ֆոնը, մկանների քաշը, տարիքը, կառուցվածքը, ոսկրային զանգվածը, իհարկե, այս ամենն անհատական է  ու անհատական է նաև, թե հաճախորդը որքան ժամանակում որքան քաշ կկորցնի։ Ես հոգեպես տրամադրում եմ իմ հաճախորդին, որ պետք  չէ շտապել , պետք է  համբերատար լինել, նախ աշխատում ենք սնվելու սովորությունների վրա և քայլ առ քայլ փորձում ենք փոխել այն։ Բնականաբար մեկ օրում դա չի լինելու։  Լինելու են օրեր, երբ քաշը կանգնելու  կամ բարձրանալու է , դա նորմալ է»։

Մեր զրուցակիցը նշեց, որ խորհրդատուն ամբողջ ընթացքում պետք է լինի հաճախորդի կողքին, օգնի, որպեսզի նա չհուսահատվի․

«Նշեմ, որ մենք կարճաժամկետ դիետաներ չենք տրամադրում, այլ, առաջին հերթին փոխում ենք ապրելակերպը։ Ցանկացած դիետա, որն անուն ունի, տալու է  ժամանակավոր արդյունք։ Կշիռը պետք է իջացնել մասնագետի օգնությամբ, իսկ այդ գործընթացը անուն չունի, այն պարզապես ճիշտ ապրելակերպ ու սննդակարգ է, որը հաճախորդի համար կյանքի ռիթմ պետք է դառնա»,-նշեց Ռուզաննան ու հավելեց, որ  շատ կարևոր է , որպեսզի սննդակարգը բալանսավորված լինի ըստ մարդու օրգանիզմի պահանջների․ վիտամիններ, հանքանյութեր, սպիտակուցներ, ածխաջրեր։  Մասնագետի գնահատականներով՝ կշիռը որակյալ նվազեցնելու համար կարևոր է կրճատել օրվա ընթացքում կիլոկալորիաների քանակը, առանց՝ կենսական կարևորություն ունեցող  սննդարար նյութերը պակասեցնելու։

«Սա է գրագետ մոտեցումը։ Շատերի համար դժվարություն է հանդիսանում ճիշտ սննդակարգը դարձնել սովորություն։ Օրվա ընթացքում մեկ անգամ սնվելը սխալ է։ Պետք է իմանաս ի՞նչ ուտել, ո՞ր ժամին,նիհարել ցանկացողը պետք է պատկերացնի, թե օրական մեկ անգամ ուտելուց ի՞նչ է կատարվում  օրգանիզմում, կամ ջրի քիչ պարունակությունը ինչի՞ է հանգեցնում։ Նման գիտելիքների շնորհիվ հաճախորդն ավելի հեշտությամբ կարող է տրամադրվել ու նիհարել։ Այդ իսկ պատճառով  մենք հատուկ դասընթացներ ենք անցկացնում»,-նշեց մեր զրուցակիցը։

Ռուզաննան նշեց, որ օրական մեկ անգամ ուտելով մարդը նյութափոխանակությունը խախտում է ու վնասում առողջությունը, հարկավոր է շուտ շուտ ուտել, ընդունել սպիտակուցներով հարուստ սնունդ։ Սպիտակուցը օգնում է, որպեսզի  նիհարելուց հետո մաշկը չկախվի։

Ըստ մեր զրուցակցի՝ նիհարելու համար հիմնականում «պատասխանատու է» սննդակարգը, այդուհանդերձ ֆիզիկական ակտիվություն նույնպես հարկավոր է։

«Մենք նիհարելու ընթացքում հաշվի ենք առնում սպիտակուցների քանակը, այդ իսկ պատճառով մեր հաճախորդները կախված մաշկ չեն ունենում, բայց ավելի «գծած» մարմին ունենալու համար կարևոր է ֆիզիկական ակտիվությունը»։

Հայտնի է նաև, որ դաշտանադադարի ընթացքում կանայք, հորմոններով պայմանավորված, սկսում են գիրանալ։ Շատերի համար նիհարելը հեռավոր երազանք է դառնում։ Մեր զրուցակցի գնահատականներով ՝ դաշտանադադարի ժամանակ կանայք  բալանսավորված պետք է սնվեն։

«Եթե կինը բալանսավորված սնվի՝ կգրանցի լավ արդյունք, այսօր մեր հայ կանայք շատ նվիրված են իրենց ընտանիքներին ու գրեթե ժամանակ չեն հատկացնում իրենց արտաքին տեսքսին, կարելի է ասել, իրենցով զբաղվելու ժամանակ չեն ունենում , այսպես ասած՝ 5-րդ պլան են մղվում, բայց կինը պետք է իրեն շատ ժամանակ հատկացնի։ Իսկ երկարատև աշխատանքից հետո, բնական  է, որ արդյունք գրանցվում է, միայն թե այն պահանել է հարկավոր»։

Ռուզաննան նշեց, որ ամսական 4-ից 8 կգ պետք է նիհարել, որպեսզի օրգանիզմը հասցնի ազատվել ճարպերից ու մաշկը ձգվի։

« Հարկավոր է դանդաղ նիհարել, այդ պարագայում արդյունքը երաշխավորված է։ Սակայն լինում են դեպքեր, երբ կինը մտածում է՝ կնիհարեմ ու կուտեմ իմ սիրած ուտելիքները, այսպես ասած, հսկայական աշխատանքից հետո «ջուրն են գցում» վաստակածը։ Ավելի լավ է շաբաթվա ընթացքում մեկ մեկ խախտի սահմանված սննդակարգը, քան հետո սթրեսի ենթարկի օրգանիզմը և ուտի՝ ինչ պատահի»,-նշեց մեր զրուցակիցը։

Medmedia.am-ը առաջիկայում կներկայացնի նաև այն կանանց պատմությունները, որոնց հաջողվել է ազատվել ավելորդ կիլոգամներից։

Շարունակելի․․․

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ