Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության համակարգի որակը շատ հեռու է մեր պատկերացրածից. վարչապետը ներկայացրել է...

Առողջապահության համակարգի որակը շատ հեռու է մեր պատկերացրածից. վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարին

423
0

Վարչատեպ Նիկոլ Փաշինյանն այսօր առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին։ Հանդիպման սկզբում վարչապետը շնորհակալություն հայտնեց Արսեն Թորոսյանին իր պաշտոնավարման համար և նշեց, որ առողջապահական համակարգը Թորոսյանի ղեկավարման օրոք եղել է ամենաարդյունավետ նախարարությունը։

«Առողջապահության նախարարությունը քննադատման ամենամեծ ալիքին է արժանացել, որն ինչ որ կերպ բնական է։ Կար ժամանակ, երբ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում մեզ տարբեր երկրներից ի ցույց էին դնում, որ մենք համավարակի դեմ պայքարել չգիտենք, բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով»։

Վարչապետը նաև նկատեց, որ կորոնավիրուսը շատ անկանխատեսելի է և հնարավոր է, որ ունենանք երրորդ, չորորդ և հինգերորդ ալիք։

«Պատերազմից հետո մենք դեռ մարմինների նույնականացման խնդիր ունենք։ Բարդություններ ունեինք, բայց հիմա գոհունակությամբ կարող ենք ասել, որ այստեղ էլ բավականին լավ վիճակում ենք»։

ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր խոսքում նշեց, որ վստահ է` նոր նախարարն իր թիմով կշարունակի նույն տրամաբանությամբ առաջ գնալ։

«Վերջին տարվա դժվարությունների մասով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր աշխատակազմին, որովհետև հաճախ մենք այդ տարիների ընթացքում այս սենյակում ենք գիշերել` հատկապես կորոնավիրուսի և պատերազմի առաջին օրերին։ Սկզբում շատ քննադատվելով, բայց այնուամենայնիվ այսօր ունենք կառավարելի վիճակ»։

Նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր խոսքում նշեց, որ թե՛ կորոնավիրուսի օրերին, թե՛ պատերազմի ժամանակ առողջապահության համակարգն աշխատել է միասնական, երկու ճակատով։ Տիկին Ավանեսյանը վստահեցրեց, որ շարունակելու են աշխատել նույն տեմպերով` էլ ավելի զարգացնելով համակարգը։

Հանդիպման վերջում վարչապետը հավելեց, որ առողջապահական համակարգում շատ խնդիրներ կան, որ լուծված չեն։ Համակարգի որակը դեռ շատ հեռու է մեր պատկերացրածից և երազածից և իհարկե մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։

Հ. Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ