Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է պետք իմանալ թվային կամ էլեկտրոնային առողջապահության մասին

Ի՞նչ է պետք իմանալ թվային կամ էլեկտրոնային առողջապահության մասին

737
0

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտն Facebook-ի էջում գրում է

«Ի՞նչ է պետք իմանալ թվային կամ էլեկտրոնային առողջապահության մասին
Աշխարհն ու մեր կյանքը կտրականապես փոխող նոր տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս ասել, որ ապագան պատկանում է թվային առողջապահությանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական էջում ներկայացված են թվային կամ էլեկտրոնային առողջապահության մի քանի կարևոր առավելություններ․

1) Թվայնացումն օգնում է առողջապահական համակարգը դարձնել առավել հասանելի և կայուն
Առողջապահության ծախսերի, ինչպես նաև՝ քրոնիկ հիվանդությունների աճը լուրջ խնդիր են առողջապահության համար ողջ աշխարհում: Թվային տեխնոլոգիաներն օգնում են առողջապահությունը դարձնել ավելի հասանելի, կրճատել ծախսերը, բարձրացնել ծառայությունների մատուցման որակը և համակարգի արդյունավետությունը: Տարբեր տեխնոլոգիաների, հավելվածների օգնությամբ հնարավոր է դառնում հետևել ու պահպանել սեփական առողջությունը՝ դրանով թեթևացնելով նաև առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը: Ոլորտում կիրառվող արհեստական բանականության համակարգերն օգնում են կայացնել ավելի ճշգրիտ ախտորոշում ու բուժում՝ երկարացնելով մարդկանց կյանքը:

2) Թվային կամ էլեկտրոնային առողջապահությունն օգնում է անցում կատարել բուժումից դեպի կանխարգելում
Առողջապահության թվային տեխնոլոգիաներն օգնում են առողջությունը կառավարել՝ կենտրոնանալով հիվանդությունների կանխման վրա՝ թույլ չտալով դրանց զարգացումն ու խորացումը և հետագայում խուսափել ավելի թանկարժեք բուժծառայություններից:

3) Էլեկտրոնային առողջապահության համակարգերն օգնում են մարդկանց ծառայություններ ստանալ՝ առանց բուժհաստատություն այցելելու
Տեխնոլոգիաներն օգնում են, որպեսզի պացիենտները որոշ ծառայություններ ստանան՝ առանց կլինիկա այցելելու, օրինակ՝ էլեկտրոնային դեղատոմս, նշանակված դեղորայքի օգտագործման ժամկետի երկարացում (Refilling a Prescription) և այլն: Այս ամենը նաև ստիպում է, որպեսզի առողջապահության ոլորտի մասնագետները նոր գիտելիքներ ձեռք բերեն և օգտվեն թավային լուծումներից՝ օգնելով նաև իրենց պացիենտներին:

4) Թվային կամ էլեկտրոնային առողջապահության համակարգերն օգնում են նվազեցնել առողջապահությունից օգտվելու անհավասարությունը
Արդեն մի շարք երկրներում հաջողությամբ կիրառվող հեռաբժշկության դերն անգնահատելի է հատկապես մեկուսացած ու հեռավոր վայրերի բնակիչներին բժշկական ծառայություններ մատուցելու տեսանկյունից։ Առանց նոր տեխնոլոգիական լուծումների՝ նման ծառայությունների մատուցումը պարզապես հնարավոր չէր կարող դառնալ։

5) Թվայնացումը հնարավորություն է ընձեռում
առողջապահության ոլորտի մասնագետներին ավելի շատ
զբաղվել մասնագիտական գործունեությամբ
Հաճախ հարց է հնչում, թե արդյոք առողջապահության ոլորտում նորարարություններն ավելորդ չեն դարձնի ոլորտի մասնագետներին։ Բայց փաստն այն է, որ նոր տեխնոլոգիաները, մասնավորապես, արհեստական բանականությամբ գործող էլեկտրոնային առողջապահության համակարգերը, թեթևացնում են վարչական և ընթացիկ այլ աշխատանքով զբաղվելու բեռը և հնարավորություն են ընձեռում, որպեսզի բժիշկներն ու բուժքույրերն ավելի շատ ժամանակ ունենան իրենց բուն մասնագիտությամբ զբաղվելու
»։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ