Գլխավոր էջ Նորություններ Հունվարի 11-ին լրանում է կարանտինի ժամկետը. ի՞նչ որոշում կկայացնի կառավարությունը

Հունվարի 11-ին լրանում է կարանտինի ժամկետը. ի՞նչ որոշում կկայացնի կառավարությունը

801
0

Սեպտեմբերի 4-ին 70 կողմ, 19 դեմ, 0 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքների փոփոխությունների ծավալուն փաթեթը («Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը):

Նախագծով մարտի 16-ին ընդունված և 5 անգամ երկարաձգված արտակարգ դրությանը փոխարինելու եկավ կարանտինը, որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, որոշները հանվեցին, սակայն դիմակի կրումը մնաց պարտադիր: Նշենք, որ կարանտին հայտարարվեց սեպտեմբերի 11-ից մինչև հունվարի 11: Այսինքն, մի քանի օրից կառավարությունը կամ այն պետք է դարձյալ երկարացնի, կամ էլ չեղարկի: Նշենք, որ կարանտինը կարող է 6 ամիս տևել` հետագայում ևս 6 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Կարանտինի սահմանմամբ վերացավ պարետատուն հասկացողությունը:

Որն է կարանտինի և արտակարգ դրության տարբերությունը:

Կարանտինի գլխավոր տարբերությունն ԱԴ–ից այն է, որ առողջապահության նախարարության առաջարկով, այն կարող է հայտարարվել ոչ միայն կառավարության կողմից երկրի ողջ տարածքում, այլև Երևանի քաղաքապետի և մարզպետների որոշումներով՝ առանձին տարածքներում։ Կարանտին կարող է սահմանվել միայն մինչև 6 ամիս ժամկետով։ Սակայն եթե այն արդեն ինչ–որ տեղ հայտարարված լինի մարզպետի կողմից, և որոշ ժամանակ անց մտցվի ողջ երկրում, ապա, կառավարության որոշմամբ, սահմանափակումների ժամկետն այստեղ կարող է երկարաձգվել 6 ամսից մինչև մեկ տարի։ Կարանտինն, ինչպես և ԱԴ–ն, մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է ենթադրում, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում։

Անհրաժեշտության դեպքում կարող է սահմանափակվել զանգվածային և հանրային միջոցառումներ անցկացնելու և դրանց մասնակցելու իրավունքը, բիզնես կառույցների և ուսումնական հաստատությունների աշխատանքը։ Այն երկարեցնելու կամ չեղարկելու առաջարկով Առողջապահության նախարարությունը պետք է դիմի Կառավարությանը, իսկ կառավարությունն էլ արտահերթ նիստ է հրավիրում և քննարկում այն:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից ArmDaily.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք որոշում կա` կարանտինը չեղարկվելու է, թե երկարաձգվելու. «Տեղյակ չեմ, այդ հարցով դիմեք Առողջապահության նախարարությանը»:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ նշեց, որ միայն աշխատանքային օր կկարողանա ճշտել` նախարարությունը նման առաջարկով դիմել է կառավարություն, թե ոչ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ