Գլխավոր էջ Նորություններ Երեխաներն ավելի հաճախ մեծահասակներից են վարակվում կորոնավիրուսով

Երեխաներն ավելի հաճախ մեծահասակներից են վարակվում կորոնավիրուսով

422
0

Երեխաներն ավելի հաճախ կորոնավիրուսով վարակվում են ոչ թե դպրոցական դասընկերներից, այլ մեծահասակներից` երեկույթների ժամանակ, հյուր գնալիս կամ հուղարկավորության արարողությունների ժամանակ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) նոր զեկույցում:

Medportal.ru-ի փոխանցմամբ` զեկույցում ներառված են Միսիսիպի նահանգի 397 աշակերտների` կորոնավիրուսի ախտորոշման թեստերի տվյալները: Ինչպես պարզվել է, վարակման դեպքերի մեծ մասը կապված չէր դպրոց հաճախելու հետ: Ամենից հաճախ երեխաները վարակվում են ուսումնական հաստատություններից դուրս` մեծահասակներից, հիմնականում` ընտանեկան երեկույթների, հարսանիքների եւ թաղումների ժամանակ: Դա կարող է պայմանավորված լինել նաեւ այն հանգամանքով, որ դպրոցներում երեխաներն ու ուսուցիչները դիմակներ են կրում եւ ավելի զգույշ են հեռավորություն պահպանում, կարծում են հետազոտության հեղինակները:

Հեղինակների կարծիքով` ստացված արդյունքները կարող են ռեպրեզենտատիվ չլինել Միացյալ Նահանգների բոլոր դպրոցների համար, քանի որ դրանք հիմնված են միայն մեկ նահանգում աշակերտների թեստավորման վրա: Այսպես թե այնպես, ըստ մասնագետների, պետք է հիշել անվտանգության բոլոր միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին. կարեւոր է դիմակներ կրել եւ սոցիալական հեռավորություն պահպանել ոչ միայն տնից դուրս, այլ նաեւ ընտանեկան միջոցառումներին, երբ մարդիկ հաճախ իրենց անվտանգ են զգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ