Գլխավոր էջ Հարցազրույցներ Գլխամաշկի թեփ. ինչու՞ է առաջանում և ինչպե՞ս ազատվել

Գլխամաշկի թեփ. ինչու՞ է առաջանում և ինչպե՞ս ազատվել

12847
0

Գլխամաշկի թեփը մաշկից շերտազատված և մեռուկացած մասնիկներն են: Թեփն առաջանում է, երբ խանգարվում է գլխամաշկի ճարպաբաժանման ֆունկցիան:  Շատերը թեփի առկայությանը ուշադրություն չեն դարձնում` կարծելով, որ դա անվնաս է և կարող է ազդել միայն արտաքին տեսքի վրա, մինչդեռ ըստ մասնագետների`  այն լուրջ խնդիրների կարող է հանգեցնել` ընդհուպ մինչև մազերի կորստի, մազաթափության: Այս թեմայի շուրջ Medmedia-ն  զրուցել է մաշկավեներաբան, տրիխոլոգ Լուսինե Կիրակոսյանի հետ:

Որո՞նք են գլխամաշկի թեփի առաջացման պատճառները ինչպե՞ս կարելի է ազատվել դրանից

Գլխամաշկի թեփը կարող է լինել գլխի մազածածկ մասի սեբորեայի, պսորիազի, իրիտանտային մաշկաբորբի, սնկախտների, ազբեստանման որքինի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։

Կարո՞ղ եք ներկայացնել  այդ մաշկախտների բնութագրումը

Գլխի մազածածկ մասի սեբորեան ճարպագեղձերի չափսերի և արտադրված ճարպի որակի փոփոխության հետևանքով առաջացած գլխի մաշկի յուղոտությունն է կամ թեփոտումը։ Այն կարող է արտահայտվել չոր, սպիտակ մանր կամ միջին չափսերի թեփուկներով կամ մազերի յուղոտությունով և դեղնավուն միջին չափսերի թեփուկներով։ Սեբորեան սովորաբար լինում է սեռահասունացման շրջանում և կրում է խրոնիկական (պարբերաբար կրկնվում է) բնույթ։ Այն բուժվում է ճարպարտադրությունը կարգավորող ներընդունման միկրոէլեմենտներով ու վիտամիններով և արտաքին՝ ցինկ պիրիտիոն, կետոկոնազոլ պարունակող շամպուններով և լոսյոններով։

Հաջորդ մաշկախտը` իրիտանտային մաշկաբորբը, կարող է առաջանալ գլխի մաշկը գրգռող քիմիական միջոցներից, օրինակ՝ մազի ներկերից, ոչ որակյալ շամպուններից, լաքերից, ինքնաշեն դիմակներից և այլն։ Այս պարագայում առաջանում է գլխի մաշկի կարմրություն և թեփոտում։ Բուժվում է այդ գրգռիչը վերացնելու և արտաքին հակաբորբոքային դեղամիջոցների և բուժիչ շամպունների միջոցով։

Պսորիազը բազմապատճառագիտական, խրոնիկական մաշկախտ է։ Կարող է լինել սահմանափակ, միայն գլխի մաշկին։ Պսորիազի ժամանակ դիտվում են կարմրավուն, մաշկից մի փոքր բարձր վահանակներ, որի վրա լինում են մանր, արծաթասպիտակավուն թեփուկներ, որոնք դժվարությամբ են պոկվում։ Բուժումը շամպունների, տեղային կորտիկոստերոիդների, շերտազատողների միջոցով է կատարվում։

Սնկախտները սնկերով պայմանավորված ինֆեկցիաներ են ։ Սովորաբար վարակումը լինում է վարակված մարդկանց հետ շփումից, կենդանիներից (շուն, կատու, կով) կամ հողից ։ Կախված վարակն առաջացրած սնկի տեսակից գլխի մաշկի թեփոտումը տարբեր է լինում։ Կարող են լինել մանր մոխրագույն թեփուկներ հստակ սահմանազատված օջախներով, կամ կարող են լինել թարախաբշտիկներ, դեղին կեղևներ, այտուց, կարմրություն։ Այն արագ տարածվում է, հպավարակիչ է։ Բուժվում է հակասնկային ներընդունման և արտաքին դեղամիջոցներով, շամպուններով։

 Եղանակային պայմանները ազդու՞մ են գլխամաշկի թեփի առաջացմանը

Սեբորեան, պսորիազը և մի շարք այլ մաշկախտներ կարող են սրվել եղանակային փոփոխություններից։ Սակայն դա շատ անհատական է (մի հիվանդի մոտ կարող է սրվել գարնանը կամ աշնանը, մյուսի մոտ` ձմռանը): Սրվելու պարագայում պետք է կրկնել բուժումը։

Արդյո՞ք շամպունները կարող են գլխամաշկի թեփի պատճառ դառնալ

Գլխի մաշկը գրգռող, սուլֆիդներ պարունակող շամպունների օգտագործումը կարող է բերել գլխամաշկի թեփոտման, քորի, չորության առաջացման։ Պետք է մազերը լվանալ ոչ գրգռիչ, սուլֆիդներից զերծ, մաշկի նորմալ PH-ին մոտ շամպուններով։ Թերևս այդ շամպունները վաճառվում են միայն դեղատներում և ոչ այդքան մատչելի են։

Ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը 

Ախտորոշումը կատարվում է կլինիկական զննման, տրիխոսկոպիկ հետազոտության և անամնեստիկ ու լաբորատոր տվյալների հիման վրա։

 

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ