Գլխավոր էջ Նորություններ Գյումրիի երեք բուժհաստատություններ միավորվում են «Գյումրի» բժշկական կենտրոնին

Գյումրիի երեք բուժհաստատություններ միավորվում են «Գյումրի» բժշկական կենտրոնին

626
0

Բուժհաստատությունների միավորման վերաբերյալ որոշումը երեք բուժհաստատությունների տարբեր  բաժանմունքների համար տարբեր է, բայց ընդհանուր առմամբ երեք հիվանդանոցները մնալու են իրենց շենքերում, բայց կազմելու են «Գյումրի» բժշկական կենտրոնի մաս։ Խոսքը Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի, Գյումրիի ծննդատան  և Գյումրիի պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի մասին է։  Միայն երկու հիվանդանոցների համար միավորվելու պատճառները  շենքային ոչ բարվոք պայմաններն են, բուժսարքավորումների պակասը։

Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը սպասարկում է  ոչ միայն Շիրակի, նաև  Լոռու, Արագածոտնի մարզերի, ինչպես նաև Ջավախքի քաղաքացներին։ Վիրաբուժական, ճառագայթային, քիմիաթերապիայի բաժանմունքները այս հիվանդանոցում գործում են ստեղծման օրվանից՝ արդեն 51 տարի։ Ծառայությունները գործում են, բայց բուժսարքավորումների որակը չի փոխվել, նեղ մասնագետների համալրում նոր կադրերով տեղի չի ունեցել։

Գինեկոլոգիական ճառագայթային բուժման ապարատը 5 տարի է չի աշխատում,  մյուս սարքն էլ շահագործում են, բայց արդյունավետությունն է ցածր։ Սարքի ռադիոնյութով  լիցքավորում չի կատարվել երկար տարիներ։ Այժմ դիսպանսերի  ճառագայթային բաժանմունքը փակվում է, իսկ դիսպանսերը  միավորվում «Գյումրի» բժշկական կենտրոնին։

Վիրահատությունները ուռուցքաբանները կկատարեն բժշկական կենտրոնում, բայց թերապևտիկ բաժանմունքը կշարունակի գործել դիսպանսերում։ Կկրճատվի  ընդհանուր մահճակալային ֆոնդը, 20-ից դառնալով  12 մահճակալ: Միավորումը, ըստ էության, վերաբերելու է իրավաբանական կարգավիճակին և վարչական ապարատին, այլ ոչ բուժանձնակազմին։ Նույն տրամաբանությամբ նաև Գյումրիի  ծննդատունն է  միավորվում: Ծնունդները քիչ են, շենքային պայմանները լավը չեն, ինչի հետևանքով պարտքերն են ավելացել։

Գյումրի բժշկական կենտրոնի հարևանությամբ ևս մեկ բուժհաստատություն կա , որն իր պրոֆիլով, խիստ տարբերվում է, բայց դարձյալ միավորվողների ցանկում է։ Գյումրրի պաթոլոգոանատոմիական լաբորատորիան ևս միավորվողների ցանկում է։

Երեք բուժհաստատությունների միավորման ծրագիրը ենթադրում է ընդհանուր մեկ բյուջեի տնօրինում,բայց յուրաքանչյուրն կշարունակի գործել իր  շենքում։ Վարչական մասում կրճատումներ կատարելու արդյունքում նաև տարածքների  օգտագործման և պահպանման ծախսերի տնտեսումներ  կարվեն։ Հիվանդանոցների միավորման որոշումն ուժի մեջ է նոյեմբերի 18-ից,  8 ամսում բուժհաստատություններն ավարտելու են փաստաթղթավորման,գույքագրման և դրանք մեկ տնօրինության փոխանցելու գործընթացները ։

Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ