Գլխավոր էջ Նորություններ 101-ամյա բնակչուհին 3-րդ անգամ է վարակվել կորոնավիրուսով

101-ամյա բնակչուհին 3-րդ անգամ է վարակվել կորոնավիրուսով

356
0

Հյուսիսային Իտալիայի Լոմբարդիա շրջանի Արդեննո քաղաքի բնակչուհի Մարիա Օրսինգերը, որը հուլիսին դարձել է 101 տարեկան, արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, բայց, չնայած դրան, իրեն լավ է զգում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կնոջ մոտ հիվանդությունն առաջին անգամ ախտորոշվել է փետրվարին, երբ Իտալիայում նոր էր սկսվում COVID-19-ի համաճարակը, իսկ դրա հիմնական օջախները հենց Լոմբարդիայում էին:

«Մայրիկին հոսպիտալացրել էին, բայց նույնիսկ այդ ժամանակ բժիշկն ասաց ինձ, որ բոլոր տարեց հիվանդներից ոչ ոք այդքան հեշտությամբ չի տարել այս հիվանդությունը: Նա գրեթե  ջերմություն չուներ և ինքնուրույն էր շնչում: Այնուամենայնիվ, երկու ամիս առաջ  նա  կորոնավիրուսի նոր թեստ է հանձնել, որը կրկին դրական պատասխան է տվել»,-La Provincia di Sondrio թերթին ասել է երկարակյաց կնոջ դուստրերից մեկը՝ Կառլան:

Սեպտեմբերին, երբ կորոնավիրուսի երկրորդ ալիքն էր հարվածում Ապենինիներին, Օրսինգերը կրկին հիվանդասենյակի մահճակալին էր: Ըստ նրա հարազատների վկայության, այս անգամ նրա մոտ փոքր-ինչ ջերմություն է առաջացել, բայց, ընդհանուր առմամբ, հիվանդությունն անցել է բավականին հանգիստ:

«Մայրիկը 18 օր հիվանդանոցում էր: Բժիշկներն ու բուժքույրերն ամեն օր զանգում էին մեզ, և նրանք զարմացած էին, թե որքան կայուն է նա տանում հիվանդությունը» -ասել է անսովոր հիվանդի դուստրերից մյուսը`Ինեսը:

Հիվանդանոցում Օրսինգերին անվանում էին «Մարիա տատիկ»: Ըստ հիվանդանոցի աշխատողների, իսկապես երկաթյա բնավորություն ունեցող փոքրամարմին, փխրուն կինը երբեք իսկապես չի բողոքել ոչնչից: Բացասական թեստից հետո կինը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել է ծերանոց, որտեղ ապրում է արդեն 6 տարի:

«Անցյալ շաբաթ մեզ զանգահարեցին և ասացին, որ կորոնավիրուսի ընդհանուր ստուգման ժամանակ մայրիկիս թեստը կրկին դրական արդյունք է տվել: Այս անգամ նա միակ վարակվողն է եղել: Բայց նա ընդհանրապես ախտանիշներ չունի, իրեն լավ է զգում, նույնիսկ ախորժակը չի կորցրել: Գոյություն ունեցող կանոնների համաձայն ՝ մենք դեռ չենք կարող այցելել նրան, բայց, իհարկե, սպասում ենք հանդիպման», -ասել է Ինեսը:

Մարիա Օրսինգերը ծնվել է գյուղացիների ընտանիքում` 1919 թվականի հուլիսի 21-ին ՝ իսպանական գրիպի համաճարակի ամենաթեժ ժամանակ: Այնուամենայնիվ, նա չի հիվանդացել «իսպանական գրիպով», բայց շատ այլ փորձություններ են բաժին հասել կնոջը, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Պատերազմի տարիներին նա ամուսնացել է և հետագայում լույս աշխարհ է բերել 6 երեխա, ինչպես նաև որդեգրել է ամուսնու 2 երեխային նրա առաջին ամուսնությունից: Իր ամբողջ կյանքի ընթացքում «Մարիա տատիկը» աչքի է ընկել գերազանց առողջությամբ: Իր երեխաների խոսքերով` նա միշտ համարել է, որ աշխատանքը լավագույն դեղամիջոցն է: Միակ բանը, որ վերջին տարիներին նրան նեղություն է պատճառել, վատ լսողությունն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ