Գլխավոր էջ Նորություններ Պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը

Պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը

392
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր  տեսուղերձում ասել է, որ  այսօր շատ ավելի կարևոր է խոսել այսօրվա և ապագայի մասին:

«Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և  անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը: Իսկ սրա համար անհրաժեշտ է, կրկնում եմ՝ անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների մեջ է մտնում նաև գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումը: Այդ պայմանավորվածություններից է բխում նաև անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումը, որը չափազանց կարևոր հարց է բոլորիս համար, և այստեղ ամեն ժամը, ամեն րոպեն կարող է լինել ճակատագրական: Ես այս օրերին անհետ կորածների, գերեվարված մեր զինվորների հարյուրավոր հարազատների հետ եմ հանդիպել: Լսել նրանց բոլոր պահանջներն ու բողոքները: Նրանք ճիշտ են, և մենք պետք է արագ գործենք, բայց կրկնում եմ՝ ցավոք, դժբախտաբար, դա կախված է ոչ միայն մեզանից: Դա կախված է ոչ միայն մեզանից»,- ասել է վարչապետը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝  նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մեջ կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում, բայց այդ բոլոր հարցերի շուրջ հիմա ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում, և լուծումներ անպայմանոր կգտնվեն: Պայմանավորվածությունների մեջ է մտնում տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը, խնդիր, որի լուծումը կփոխի ոչ միայն տարածաշրջանի, այլև Հայաստանի կերպարը:

«Սիրելի ժողովուրդ, մի տրվեք վախի և խուճապի: Թույլ մի տվեք, որ մեր խոցված հպարտությունը և վիրավորված արժանապատվությունը ոտնատակ անեն: Մի տրվեք անապագայության քարոզին: Այո՝ հավատացեք միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը: Ամեն օր նրանք ձեզ խաբում են: Ճշմարտությունը, որքան էլ դառը լինի, մենք երբեք ձեզնից չենք թաքցրել: Այո՝ պատերազմի ժամանակ ճշմարտությունն ասվել է պատերազմի կանոններով: Վերանայեք առաջին օրվանից ասվածը և կտեսնեք, որ ամբողջ ճշմարտությունը մատուցվել է, ամբողջ ճշմարտությունը ասվել է՝ պատերազմի կանոններով, բայց ուշադիր ընթերցողը և ուշադիր ունկնդիրը ամեն ինչ կարող էր կարդալ այնտեղ: Ճշմարտությունն ասվել է, ի դեպ, նաև խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ իմ հանդիպումների ժամանակ, և ես այդ հանդիպումներին հստակ ասել եմ, որ իրենց հրավիրել եմ ամեն ինչ պատմելու համար, որովհետեւ այդ ամենը, ինչ իրենց եմ պատմել, հրապարակային հնարավոր չէ ասել պատերազմական իրավիճակի պատճառով, բայց նաև չեմ ուզում ստացվի, թե թաքցնում ենք ճշմարտությունը: Եվ, ի դեպ, այն ուժերը, որ պատերազմի առաջին օրից ասում էին, որ բոլոր հնարավոր միջոցներով, ամեն գնով պետք է կանգնեցնել, այստեղից դուրս գալուց հետո ուրիշ պրոցեսներ էին նախաձեռնում, ասում էին՝ այո, թող ամեն գնով կանգնեցնեն, հետո մենք դա կտեսնենք՝ ոնց կօգտագործենք մեր քաղաքական նպատակների համար: Եվ նրանք այսօր շատ վատ են զգում և զարմացած են, որ դա չի ստացվում իրենց մոտ:Բայց, այնուամենայնիվ, մեր այսօրվա հիմնական խնդիրը ապագայի կառուցումն է», – ասել է Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ