Գլխավոր էջ Նորություններ Զինվորները մնում են դպրոցներում, քնում են գետնին. զինծառայողի մայր

Զինվորները մնում են դպրոցներում, քնում են գետնին. զինծառայողի մայր

311
0

Զինծառայողի մայր եմ, տղաս ծառայել է Արցախում, Արալեռում որն արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Իմ տղայի զորամասն այլևս չկա, այս մասին ՊՆ-ի մոտ ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը:

«Արալեռի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մյուս վայրերի զինծառայողներին հաջողվել է մի կերպ տանել, տեղակայել վայրերում, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ: Հիմա իմ տղան Մարտունիում է, իրենց լավագույն դեպքում տեղակայում են դպրոցներում»,– ասաց նա:

«Բնականաբար, դպրոցը հարմարեցված չէ զորամասի, և այնտեղ չեն կարող լինել անկողիններ: Լավագույն դեպքում իրենց կարող են տրամադրել քնապարկեր, ուրեմն՝ տրամաբանական է, որ երեխաները քնում են գետնին»,-ասաց նա:

Լուսինե Հարոյանը նշեց՝ ժամկետային զինծառայողներից շատերին հիմա տանում են դիրքեր փորելու, մարտական հերթապահության:

«Ըստ ստորագրված պայմանագրի՝ ռուսական զորքի տեղակայմանը զուգընթաց՝ պիտի հայկական զորքը դուրս բերվի, բայց, առայժմ, ո՛չ ՊՆ-ն, ո՛չ Արցախի ՊԲ-ն որևէ հստակ պատասխան մեզ չեն տալիս: Անգամ չեն պատասխանում՝ զորքը դուրս բերվելո՞ւ է, թե՞ ոչ: Պատկերացրեք այդ երեխաների վիճակը. 18-20 տարեկան երեխաներ, դպրոցը նոր ավարտել, գնացել են, նրանք 44 օր անցել են դժոխքի միջով»,- ասաց նա։

Լուսինե Հարոյանը նաև նշեց, որ վերջին 15-16 օրվա ընթացքում պետք էր գոնե զինծառայողներին ինչ-որ տեխնիկա տրամադրել, ապահովել բուժզննման հնարավորություն: «Երբ ես երեխայիս ծառայության եմ ուղարկել, Զինկոմիսարիատն իր վրա պարտավորություն է վերցրել որդուս առողջական վիճակը հետազոտել և ապահովել, և դա չի ապահովում»,-նշեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ