Գլխավոր էջ Նորություններ Ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոխվել է․ Գևորգ Գորգիսյան

Ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոխվել է․ Գևորգ Գորգիսյան

341
0

Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում ասվում է, որ ռազմական դրության համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել, դա կարող է անել Կառավարությունը, կարող է անել Ազգային ժողովը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, ով ներկայացնում էր ռազմական դրությունը վերացնելու մասին խորհրդարանական ընդդիմության կողմից բերված նախագիծը:

«Հաշվի առնելով, որ այլևս ռազմական դրության որոշման մեջ առկա հանգամանքները չկան՝ ԼՀԿ-ն ԲՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնել է արտահերթ նիստ, որտեղ առաջարկվում է ընդունել ԱԺ որոշում՝ վերացնելու ռազմական դրությունը»,- ասաց նա:

Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկմանը և Կառավարության բերած պատճառաբանություններին, թե ինչու հիմա հնարավոր չէ վերացնել ռազմական դրությունը:

«Առաջինն այն է, թե ռազմական դրությունն անհրաժեշտ է, որ կարողանանք հումանիտար օգնության ապրանքներ ներկրել առանց մաքսային վճարների: Միանշանակ ակնհայտ է, որ որոշումներն այդպես են կազմված և որոշումները փոփոխման ենթակա են և դա կարելի էր փոփոխել 16 օրվա ընթացքում»,- ասաց նա:

Միաժամանակ, Գորգիսյանի խոսքով, Գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալ Ալբերտ Բաղդասարյանը հանձնաժողովի նիստում նշել է, որ անվտանգության տեսանկյունից խնդիր չի առաջացնում ռազմական դրության հանելը: «Ես առաջարկել եմ, որ ԱԺ-ն ընդունի որոշումը, որն ուժի մեջ կմտնի որոշ ժամանակ անց, որ մենք ունենանք որոշակիություն, որ հույսներս չդնենք Կառավարության գործունեության կամ անգործության վրա, մենք ի վերջո խորհրդարանական երկիր ենք»,- ասաց նա:

Գևորգ Գորգիսյանն ընդգծեց. «Ունենք իրավիճակ, երբ ռազմական դրության համար պայմաններ հանդիսացող իրավիճակը փոխվել է, բայց բոլոր սահմանափակումները շարունակում են մնալ, իսկ այդ սահմանափակումները վերաբերում են ժողովրդավարության հիմքերին՝ խոսքի ազատություն, հավաքների և գործադուլների ազատություն. սա ունենում է բացասական տնտեսական հետևանքներ»:

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք զորակոչվել են և դեռևս գտնվում են տարբեր զորամասերում և որևէ մարտական խնդիր չեն կատարում, այդ իրավիճակում են սեպտեմբերի վերջից: «Հարյուրավոր, եթե չասեմ հազարավոր քաղաքացիներ գտնվում են այդ վիճակում, ու չեն կարողանում զբաղվել տնտեսական գործունեությամբ, բացի այդ սա ծախս է պետության համար: Ունենք սահմանափակումներ, որոնց անհրաժեշտությունը չկա և դա ունենում է տնտեսական հետևանքներ առանց այդ էլ գնալով խորացող ճգնաժամի պայմաններում: Կոչ եմ անում կողմ քվեարկել մեր նախաձեռնությանը, որպեսզի օր առաջ կարողանանք վերացնել ռազմական դրությունը»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ