Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ անել երակների վարիկոզի դեպքում. խորհուրդներ անոթային վիրաբույժից

Ի՞նչ անել երակների վարիկոզի դեպքում. խորհուրդներ անոթային վիրաբույժից

4751
0

«Վարիկոզ» տերմինն առաջացել է լատիներեն varix բառից, որը նշանակում է՝ «հանգույց, փքվածություն»: Երակների լայնացումը երակների փոփոխված ձևերից մեկն է, որն արտահայտվում է պարկանման լայնացումներով ու հանգուցանման գնդիկներով:

Ըստ վիճակագրական  տվյալների՝ կանայք այս հիվանդությամբ 3 անգամ ավելի են հիվանդանում, քան տղամարդիկ: Երակների լայնացման առաջացման մեջ էական նշանակություն ունեն ի ծնե երակային պատերի թուլությունը, անոթների անոմալիաներն, ինչպես նաև`  մկանային շերտի էլաստիկության փոփոխությունը: Վարիկոզի ախտանիշների և բուժման մասին Medmedia-ն զրուցեց անոթային վիրաբույժ Նունե Սողոմոնյանի հետ:

«Երակների վարիկոզի երկու տեսակ են տարբերակում` առաջնային և երկրորդային, որոնք էլ  տարբերվում են իրենց առաջացման պատճառներով, ինչպես նաև` բուժման եղանակներով: Առաջինի դեպքում մեծ դեր է խաղում ժառանգականությունը: Արդեն կա վարիկոզի նկատմամբ նախատրամադրվածությունը, որն էլ պայմանավորված է կոլագենի թերի արտադրությամբ: Առաջնային վարիկոզը կարող է ուղեկցվել հարթաթաթությամբ, կարճատեսությամբ և ճողվածքներով: Երկրորդային վարիկոզն առաջանում է, երբ խորանիստ անոթները խցանվում են: Դրա պատճառը կարող են լինել ուռուցքները, կոտրվածքները կամ թրոմբները: Այս տեսակը ձեռքբերովի է: Այսինքն անգամ եթե գենետիկական մակարդակում չկա նախատրամադրվածություն, միևնույն է, հնարավոր է ունենալ վարիկոզ»,- ասաց Նունե Սողոմոնյանը:

Նա  խոսեց նաև վարիկոզի առաջացման անուղղակի պատճառների մասին: Նստակյաց, ոչ ակտիվ կենսակերպը անուղղակի կերպով նպաստում է վարիկոզի առաջացմանը. պասիվ կենսակերպի դեպքում վերջույթներ մկանները թուլանում են, և խախտում են արյան հետադարձ հոսքը:

Իսկ այն հարցին, թե՞ արդյոք վարիկոզ առաջանում է միայն ոտքերի հատվածում անոթային վիրաբույժը նշեց.

«Երակների վարիկոզ առաջանում է միայն ստորին վերջույթներում. այստեղ առկա է փականային համակարգը, որի շնորհիվ կանխվում է արյան հետադարձ հոսքը: Եթե այդ համակարգը խանգարվում է, դա կարող է հանգեցնել երակների քրոնիկական թուլության և փականային անբավարարության։ Երակային փականները պատշաճ չեն փակվում արյան հետհոսքի կանխարգելման համար, ինչը հանգեցնում է երակներում արյան ծավալի մշտական ավելացմանը և երակների  վարիկոզի առաջացմանը»:

Բացի արտաքին ախտանիշներից` վարիկոզն ուղեկցվում է նաև ցավով, այտուցներով, քորով, ինչպես նաև ջղաձգությամբ: Այն կարող է հանգեցնել նաև երակային վերքերի:

Վարիկոզի բուժմանն անդրադառնալով` Նունե Սողոմանյանը նշեց, որ լավագույն բուժումը կանխարգելումն է: Պետք է ապահովել մկանային ակտիվությունը:

«Ակտիվ ապրելակերպը, սպորտը լավագույն կանխարգելումներն են: Շատ հաճախ այն մարդկանց մոտ, որոնք ունեն վարիկոզի  ժառանգական նախատրամադրվածություն, սպորտը թողնելուց հետո է երակների վարիկոզ  առաջանում: Սպորտով խորհուրդ ենք տալիս զբաղվել անգամ վիրահատական միջամտություն ստացած մարդկանց:  Իսկ ինչ վերաբերում է դեղորայքային բուժմանը`  երակային ճողվածքների դեպքում, միանշանակ, դեղորայքային բուժումն անօգուտ է: Վիրահատական տարատեսակ միջամտությունները (լազերային, փոքր կտրվածքներով կամ սկլերոթերապիա) նպատակ ունեն վերացնելու երակային հետադարձ արյան հոսքը և կարգավորելու արյան շրջանառությունը:  Շատ հաճախ վարիկոզի բուժումը կոմբինացվում է բուժման մի քանի եղանակներով»,- նշեց անոթային վիրաբույժը:

 

Սառա Հարությունյան 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ