Գլխավոր էջ Գլխավոր Վիտիլիգո՝ սև ու սպիտակ մաշկային հիվանդությունը

Վիտիլիգո՝ սև ու սպիտակ մաշկային հիվանդությունը

2808
0

«Վիտիլիգո» բառը կազմված է լատիներեն vitium (արատ) արմատից և  igo ածանցից: Բառացի այն թարգմանվում է արատավոր հիվանդություն: Այս հիվանդությունը մաշկի դեպիգմենտացիան է՝ արտահայտված սպիտակ բծերով, գու՞ցե հենց սրանով է պայմանավորված հիվանդության անվանումը: Բայց սա ամենևին էլ չի նշանակում, որ վիտիլիգոյով մարդիկ արատավոր են: Նրանց մոտ պարզապես քայքայված է մաշկի մելանին պիգմենտը:

Նման պատկեր

Հիվանդության մասին առավել մանրամասն իմանալու համար մենք զրուցեցինք մաշկաբան Լուսինե Բարսեղյանի հետ: Նա ասաց, որ վիտիլիգոն մաշկային քրոնիկական հիվանդություն է, որն առաջանում է մաշկում մելանին պիգմենտի քայքայման կամ նվազեցման հետևանքով: Այն արտահայտվում է դեպիգմենտացիոն հետքերի առաջացումով մարմնի տարբեր մասերում:

Պատկերներ վիտիլիգո հարցումով

«Հիվանդության պատճառները դեռ  մինչև վերջ ուսումնասիրված և պարզաբանված չեն: Սակայն կան բազմաթիվ արտաքին և ներքին գործոններ, որոնք հանգեցնում են մելանինի քայքայմանը, ինչն էլ վիտիլիգոյի առաջացման պատճառն է: Այդ գործոններից մի քանիսն են՝ աուտոիմունային խանգարումները, մաշկի սնուցման, տրոֆիկայի խանգարումները, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, վահանաձև գեղձի հիվանդությունները, ինբտոքսիկացիաները (սննդային, ալկոհոլային, քիմիական), սթրեսը և նյութափոխանակության խանգարումները»,- նշեց մաշկաբանը:

Մաշկի սպիտակ  բծերը մեծանում են, միաձուլվում և առաջացնում կաթնասպիտակավուն շատ մեծ հատվածներ, որտեղ աճող մազերը նույնպես գունազրկվում են: Հիվանդությունը չի ազդում ընդհանուր ինքնազգացողության վրա, բայց հիվանդին անհանգստացնում է սոսկ որպես կոսմետիկական արատ:

Նման պատկեր

Լուսինե Բարսեղյանը խոսեց նաև վիտիլիգոյի որպես բնածին հիվանդություն լինելու մասին՝  ասելով, որ վիտիլիգոն հիմնականում ձեռքբերովի  է, սակայն այն ունի նաև ժառանգական նախատրամադրվածություն և կարող է փոխանցվել ժառանգաբար:

Իսկ այն հարցին՝ թե հնարավոր է բուժել վիտիլիգոն, մաշկաբանը պատասխանեց.

«Վիտիլիգոյի բուժումը պետք է ներառի հետևյալ նպատակները՝ կանգնեցնել հիվանդության պրոգրեսիվ ընթացքը, նվազեցնել պրոցեսի ակտիվությունը, վերականգնել պիգմենտացիան վիտիլիգոյի օջախում, բարելավել կյանքի որակը: Դեղորայքային բուժումից բացի՝ այժմ լայն կիրառում ունի 308 նմ երկարությամբ ալիքի ուլտրամանուշակագույն էքսիմերային լույսով ճառագայթումը: Սակայն, պետք է նշեմ, որ վիտիլիգոյի առաջացման պատճառների պարզաբանված և քիչ ուսումանսիրված լինելու հետևանքով այս հիվանդությունը բուժման դժվար է ենթարկվում կամ էլ լիովին չի բուժվում»:

 

Սառա Հարությունյան 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ